Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագծի նոր տարբերակը որոշակիորեն հարթել է այն դրույթները, որոնք մտահոգում էին կանանց:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նախագծի նոր տարբերակում ողջունելի երկու դրույթ կա` չաշխատող կանանց նպաստների տրամադրելը և աշխատողների միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով փոխահատուցումը: Հանվել է դրույթը, որով նպաստը պիտի հաշվարկվեր` համաձայն մեկ գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժի:
Մտահոգիչ դրույթ է այն, որ 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացող կանանց դեպքում նպաստի վերին շեմ է սահմանվել, եւ որ ավելի նպաստը տալու դեպքում բեռը կդրվի գործատուի վրա: «Իհարկե, քիչ են այն կանայք, ովքեր 1 միլիոնից ավելի աշխատավարձ են ստանում: Եվ այս դեպքում էլ բարձր պաշտոնները անհասանելի կլինեն կանանց համար: Գործատուն կհասկանա, որ կին աշխատողը լրացուցիչ ֆինանսական բեռ է իր համար»,- ասաց Տ. Խաչատրյանը:
Հաշվապահ Շողեր Բաբայանը հաշվել է, որ աշխատող կինը, եթե նույնիսկ նվազագույն աշխատավարձ է ստանում, իր վճարած հարկերով պետական բյուջեին ավելի շատ է օգնում, քան չաշխատողը: Եվ մյուս կողմից` մեկ տարուց ավելի աշխատող կինն ավելի շատ հարկեր է վճարում, քան պետության կողմից սահմանված մայրության նպաստն է 140 օրվա համար: «Ես մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ, և եթե իմ հաշվարկները սխալ են եղել, ապա կարող եմ համալսարանից ստացած դիպլոմս հետ տալ»,- ասաց Շ. Բաբայանը:
Փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն էլ հայտնեց, որ մեկ միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում հարկումն ավելի բարձր սանդղակով է կատարվում, ավելին` եթե կինը ամեն ամիս ստանում է 1 միլիոն դրամ, ավելի քիչ հարկ է վճարում, իսկ երբ միանգամից հաշվարկվում է նպաստը 140 օրվա համար, ապա ավելի մեծ գումարից ավելի մեծ հարկ է պահվում: Իսկ եթե դրան էլ գումարվի նախագծով սահմանված առավելագույն շեմը, ապա գուցե նպաստը կազմի նրա միջին աշխատավարձի 60 տոկոսը:
Հանդիպման վերջում հաշվապահ Շողեր Բաբայանը դիմեց կառավարությանը և խնդրեց ամեն 3 տարին մեկ սթրեսի չենթարկել հղի կանանց ու մայրերին` օրենսդրական նման նախագծեր մշակելով: