կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 11:50
Տնտեսական

Որքան հարկ են վճարում խոշոր հանքարդյունաբերողները. «Հետք»

Որքան հարկ են վճարում խոշոր հանքարդյունաբերողները. «Հետք»

Ինչպես գրում է «Հետք»-ը՝ Հայաստանի խոշոր հարկատուների շարքում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից երեքն առաջատար դիրքեր են զբաղեցնում։

Այս տարվա առաջին ինն  ամիսների ընդհանուր տվյալներով՝ ՀՀ 1000 ամենախոշոր հարկատուների առաջին տասնյակում հանքարդյունաբերությունից մեկ ընկերություն կա, հաջորդող տասնյակում՝ երկու։ Խոշոր հարկատուների ցանկը տրամադրում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Այս հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունը հանրապետության 6-րդ ամենախոշոր հարկատուն է։ Ինն ամսիներին ընդհանուր առմամբ վճարել է մոտ 10.8 մլրդ դրամ։

Այս ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն  «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է։ Մոտ 7.5 մլրդ դրամով զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի երկրի ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները:

Առաջին 20-ում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Այն 17-րդ տեղում է։ Հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարել է 5.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ ԶՊՄԿ-ն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով:

Ընդ որում,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  «Թեղուտ»-ն ու «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը զգալի ավելացրել են հարկերը (տես առաջին ինֆոգրաֆիկան)։ Արդյունքում «Թեղուտ»-ը նախորդ տարվա 18-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ հորիզոնական, իսկ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 27-ից 13-րդ։

Իսկ ԶՊՄԿ-ի դիրքերը շարունակում են թուլանալ։ Ընկերությունն ավելի քան 3.5 անգամ պակաս հարկ է վճարել այս տարվա հունվար-սեպտեմբերին, քան 2015-ի նույն ժամանակաշրջանում։ Արդյունքում 2-րդ հորիզոնակաից նահանջել է 17-րդ հորիզոնական։ Ըստ ընկերության տնօրինության՝ ԶՊՄԿ-ի գործերը վատացել են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկման հետևանքով։

Խոշորների ցանկում են նաև հանքարդյունաբերական ընկերություններին կից գործող ընկերություններ, օրինակ՝ «Մաքուր երկաթի գործարան»-ը, որտեղ վերամշակվում է  Քաջարանից ուղարկված մոլիբդենի խտանյութը։  «Մաքուր երկաթի գործարան»-ն ու ԶՊՄԿ-ն նույն՝ «Քրոնիմետ» ընկերությունների խմբում են։ Քանի որ խոշորների ցանկում չի նշվում, թե որ ընկերությունը որ ոլորտից է, որոշ ընկերությունների դեպքում դժվար է հստակ սահմանագծելը՝ հանքարդյունաբերությունի՞ց են, մշակող արդյունաբերությու՞նից, թե՞ մեկ այլ ոլորտից։

Այնուամենայնիվ, հստակ է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից ամենախոշոր հարկատուներն են «Թեղուտ»-ը, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Նրանց վճարած հարկերի ծավալը զգալի գերազանցում են ոլորտում գործող մյուս ընկերությունների հարկերին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում