Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ֆրանսիա և Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ընթացքում անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այդ մասին հայտնում է Haberler-ը:
Էրդողան պնդել է, թե Հայաստանի հետ հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու համար իրենց արած մի շարք քայլերն անպատասխան են մնացել: Նա, հերթական անգամ դրսևորելով իր հերքողական քաղաքականությունը, ասել է. «Ցանկանում եմ հիշեցնել, որ 1915 թվականի իրադարձությունների պատճառով Թուրքիայի նկատմամբ տասնյակ տարիներ անարդարություն է տիրում: Ցավոք, 1915-ի իրադարձությունների մասին չեն խոսել` զերծ մնալով գաղափարական մոտեցումներից և ապատեղեկատվությունից: Չնայած մեր բոլոր կառուցողական մոտեցումներին` Հայաստանն ու հայկական սփյուռքը առողջ դատողությամբ մոտեցում չի ցուցաբերել: Այս թեման թողնենք պատմաբաններին, թող նրանք գան և այս թեմայի շուրջ ուսումնասիրություններ կատարեն»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներին` Էրդողանը հավելել է. «Մենք մեր արխիվները բացեցինք: Եթե ունի, թող նաև Հայաստանը բացի, մեկ այլ երկիր` ևս: Թող հնագետներն ուսումնասիրեն, պատմաբանները, իրավապահ մարմինները ու քաղաքագետները աշխատանքներ տանեն: 2015 թվականին, այսինքն` 1915 թվականի իրադարձությունների 100-ամյակին, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի պատմվեն ճշմարտություններն, ու աշխարհը դրանք լսի: Անկասկած, այս հարցում հաղթելու է ոչ թե աղավաղված, գաղափարի կամ քաղաքականության նյութ դարձած պատմությունը, այլ իրական պատմությունը: Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան կկանգնի առողջ դատողության, ողջախոհության և ճշմարտության կողքին»:
Նշենք, որ վերջերս Էրդողանը դարձյալ կոչ էր արել պատմաբաններին` օգտվել Թուրքիայի գրադարանների պատմության գրքերից, որոնցում Ցեղասպանություն իրագործողները ոչ թե թուրքերն են, այլ հայերը: