կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 10:40
Քաղաքական

Հայկական կողմը բարձր է գնահատում Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը. ԱԳՆ

Հայկական կողմը բարձր է գնահատում Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը. ԱԳՆ

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհակալություն հայտելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն հայտնեցին ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշեցին, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում:

Առանձնահատուկ կարևորվեց Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում:

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրեց նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով: