Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ այնպիսի կրքեր են բորբոքվում, որ թվում է՝ այս գործընթացը նոր է միայն սկսվել ու խորհրդարանական ուժերի մեծ մասը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Մինչդեռ, հիշեցնենք՝ տեղի է ունենում մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնության և բացառությամբ «Ժառանգության», փոքրամանասության միջև վերսկսված բանակցությունների արդյունքում ստորագրված համատեղ համաձայնագրի իրականացման գործընթաց: Տարօրինակ է, որ չնայած համաձայնագիրն ստորագրվել և հրապարակվել է հունիսի 16-ին, և դեռ տասն օր առաջ էր հայտնի, թե ինչ լրացումներ պետք է արվեն նոր Ընտրական օրենսգրքում, սակայն միայն խորհրդարանում այս օրենսդրական նախաձեռնության ժամանակ են դրանք թիրախ դառնում: Պարզապես ոմանք որոշել են նախաձեռնությունը դարձնել քաղաքական դեմագոգիայով ու նախընտրական պոպուլիզմով զբաղվելու «խաղալիք»՝ էժան քաղաքական դիվիդենտներ շահելու համար:
Հարց է առաջանում, ինչո՞ւ են մարդիկ դեմ այս նախաձեռնությանը: Եթե դեմ են, ապա ինչի՞ն են առհասարակ կողմ: Ձեռք բերված համաձայնությունները բացառապես ուղղված են Ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը: Լիարժեք են դրանք, թե ոչ լիարժեք, էական չէ: Էականն այն է, որ կատարվում է քայլ առաջ: Քայլ է կատարվում այն հիմնարար 5 առաջարկություններից 4-ի ուղղությամբ, որոնք ամիսներ առաջ շրջանառության մեջ դրեցին հասարակական կազմակերպությունները և ԱԺ ոչ իշխանական ուժերը համատեղ: Հիմա ո՞րն է ավելի նախընտրելի՝ որ այդ համաձայնությունները ներառնվե՞ն Ընտրական օրենսգրքում՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ լիարժեք կոնսենսուս չձևավորվեց, թե՞ չներառվեն: Դժվար է պատկերացնել, որ կարող է լինել քիչ թե շատ իրավիճակին ադեկվատ մարդ, ով կարող է դեմ լինել այս նախաձեռնությանը: Իսկ եթե դեմ չեն, ապա ո՞րն է այս շահարկումների իմաստն առհասարակ. ջուր ծեծե՞լը, թե՞ նախագծի վրա լարախաղացություն անելը:
Փոփոխությունների շուրջ իրականում կոնսենսուս չի եղել: Այդ իրողությունը հստակ նշված է իշխանության և խորհրդարանական փոքրամասնության միջև ստորագրված քաղաքական համաձայնագրում: Կոնսենսուս չի եղել երկու պատճառով: Նախ՝ որովհետև չի կայացել փոխհամաձայնություն բոլոր 5 առաջարկություն-պահանջների մասով: Երկրորդ՝ որովհետև համաձայնագրին չի միացել հասարակական սեկտորի այս հատվածը, որն անմիջականորեն ներգրավված էր «4+4+4» ձևաչափով ընթացող բանակցություններում: Բայց արդյոք այդ փաստը արժեզրկում է քաղաքական ուժերի միջև կայացած գործակցությունը, որը, ներքաղաքական օրակարգի, առավել ևս՝ Ընտրական համակարգի կտրվածքով ուղղակի նախադեպը չունի: Նախկինում ընտրությունների ընթացքը համատեղ վերահսկելու շուրջ քաղաքական համագործակցության բոլոր փորձերը տապալվել են՝ խմբակային, անձնական ամբիցիաների պատճառով: Հիմա փորձ է արվում այս ձևաչափով հասնել որևէ քիչ թե շատ առարկայական արդյունքի: Դրանից խուսափելը, դրա դեմ աշխատելը ոչ այլ ինչ է, քան ընտրությունների որակի ապահովման համար սեփական պատասխանատվությունից փախչել: Տրամաբանությունը պարզ է. որքան հեռու մնաս պատասխանատվությունից՝ այնքան ավելի լավ կարելի է դրա կրակի վրա տաքացնել ձեռքերը: Սա բխում է ներքին այն համոզվածությունից՝ որ անկախ նրանից՝ ընտրությունները որակով կլինեն, թե անորակ, միևնույնն է, իրենք հաղթելու շանս չունեն և չունեն գոնե մասամբ սեփական քվեն պաշտպանելու ներուժ ու կամք:
Հիմնական քննադատությունը վերաբերում է Ընտրական օրենսգրքում ներդրվող մեխանիզմների կիրառման համար ֆինանսական միջոցներ գտնելուն: Այդ մեխանիզմներն արժեն 17մլն եվրո, որի մի մասի աղբյուրները հայտնի են, մի մասինը՝ մոտ 1/3 չափով, դեռ պետք է գտնել: Այն փաստը, որ ֆինանսական միջոցների այդ մասը դեռ գտնված չէ, չի կարող և չի կարելի օրենսդրական այս նախաձեռնությունը տապալելու կամ այն քննադատելու պատճառ կամ առիթ դարձնել: Անգամ եթե պահանջվող փողը չգտնվի, որևէ քաղաքական ուժ ոչինչ չի կորցնում. այդ մեխանիզմներն ուղղակի չեն աշխատի ընտրություններում: Բայց սա հարցի միայն մեկ կողմն է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Աժ-ի ամբիոնից հայտարարում է, որ եթե փողը չճարվի, քաղաքական կոնսենսուսը չի կայանա: Սակայն քաղաքական փոխհամաձայնությունը փողի շուրջ չի կայացել, որ հիմա էլ այն չգտնելու դեպքում չեղարկվի: Այն, ինչ ձեռք է բերվել բանակցությունների արդյունքում՝ համաձայնություն այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության և ներդրման քաղաքական կամքի շուրջ, շատ ավելի արժեքավոր է, քան 4-5մլն դոլարը: Մյուս կողմից փող ճարելը մեծ հաշվով պետության խնդիրն է: Եթե մեխանիզմների գործարկման գումարն իսկապես այդքան մեծ չէ, խնդիրը պետությունը կարող է վերցնել իր վրա: Հնարավոր չէ ավանսով բարեփոխում իրականացնել, առավելևս, երբ ավանս ստանալու ակնկալիքը դրսից է: Պետությունը միշտ անում և պետք է անի այն, ինչին բավականացնում են ռեսուրսները: Հակառակ դեպքում միշտ կարելի է դնել անհաղթահարելի նպատակներ, հետո պատճառաբանել, թե դրանց հասնել չկարողացանք, քանի որ պետության ռեսուրսը չբավականացրեց:
Այլ հարց է, որ առաջնահերթորեն դիտարկվում է նախ բարեփոխումն իրականացնելու համար դրսից ֆինանսավորում, ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունը: Եթե դա հնարավոր է, ինչու չխնայել բյուջետային միջոցները՝ այլ կարևոր խնդիրներ լուծելու համար:
Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ առկա հասարակական-քաղաքական ապատիան և անվստահությունն այնպիսի չափերի է հասնել, որ թե պետությունը, թե քաղաքական դաշտը և հասարակությունը պարտավոր են դրանց վերացման համար անելու հնարավոր առավելագույնը՝ նույնիսկ եթե մի քիչ թանկ է նստում պետության վրա: Դա ունի մի պարզ բացատրություն. այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որոնց առջև հայտնվել է Հայաստանը ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, լեգիտիմ իշխանության ձևավորումը դարձնում են ազգային ու պետական անվտանգության գերխնդիր: Այդպես եղել է միշտ: Պարզապես հիմա հարցը կրիտիկական սուր է դրված:
Գևորգ Դարբինյան