Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացում կատարելուն, ըստ որի` առաջարկվում է ԱԺ պատգամավորների համար պարտականություններ սահմանել, որ յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, նրանք հանդես գան գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ըստ նախաձեռնության հեղինակի` օրենսդրական նախաձեռնության նպատակն է օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնել ավելի թափանցիկ ու հաշվետու ընտրողների առջև, ինչը կնպաստի նաև պատգամավորների միջև մրցակցությանը:
Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի` ներկայացվող հաշվետվության մեջ նախատեսվում է պատգամավորի գործունեության վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնց կատարումը նրա ուղիղ պարտականությունը չէ: Մասնավորապես` նախագծով նախատեսվում է, որ պատգամավորը պետք է հաշվետու լինի կառավարությանը գրավոր և բանավոր հարցերով դիմելու, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների վերաբերյալ, մինչդեռ, ըստ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի, կառավարությանը դիմելը պատգամավորի ոչ թե պարտականությունն է, այլ իրավունքը: Իսկ պատգամավորի պարտականությունները հստակ սահմանված են օրենքով, պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների աշխատանքային խմբերի նիստերին և այլն:
«Այդ առումով հիշյալ հաշվետվությունը չի կարող դիտվել որպես պարտականություն, որովհետև սահմանում է լրացուցիչ դրույթներ: Եվ պարզ չէ, թե ներկայացվող հաշվետվությունը ում կողմից է գնահատվելու, չի նախատեսում իրավական հետևանք: Բացի այդ` կարծում ենք, որ նախաձեռնությունը չի լուծում մրցակցության խնդիր, նաև պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունների քանակը բավարար ցուցանիշ չէ` պատգամավորի գործունեությունը գնահատելու համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը` առաջարկելով կառավարությանը ներկայացնել բացասական եզրակացություն այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա:
Հովիկ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ այդ օրենսդրական նախաձեռնութունը պետք է տեղափոխել խորհրդարան` քննարկման, որ այնտեղից ավելի արդյունավետ ձևակերպումներով վերադարձնեն կառավարությանը: «Տիկին Փոստանջյանը մտադիր էր, որ ձևակերպումներն ավելի հարմարեցներ, ես առաջարկում եմ որ խորհրդարանը քննարկի ու որոշի»,- ասաց վարչապետը: