Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում մերժվեց «Ելք» խմբակցության առաջարկած «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նշենք, որ մասնավորապես առաջարկվում է, որ պատգամավորների մուտքը ՔԿՀ-ներ չսահմանափակվի:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի անարգել մուտք գործելու ՔԿՀ և չպետք է արհեստական խոչընդոտի հանդիպի:
«Կիրառական պրակտիկայում այս իրավունքը սահմանափակվում է, երբ քննիչի կողմից կալանավորներին տեսակցելու վրա սահմանափակում է դրվում: Ենթադրենք` ընտրողը զանգում է պատգամավորին: Օրինակ` կինը հայտնում է` ամուսինս ՔԿՀ-ում է և ասել է, որ եղունգները քաշել են»,- օրինակ բերեց Փաշինյանը, ապա ասաց, որ պատգամավորը ցանկանում է տեսնել` արդյո՞ք այդ մարդու հետ ամեն ինչ կարգին է, ձեռքերն էլ տեղն են, բայց ՔԿՀ-ում չեն թույլատրում, որ պատգամավորն իրականացնի իր իրավունքները, և պատճառ է բերվում, որ տեսակցելու սահմանափակում կա: «Բայց մենք տեսակցել չենք ուզում, ուզում ենք տեսնել` էդ մարդու մատները տե՞ղն են, թե՞ ոչ»,- ասաց նա:
Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը, ի պատասխան Փաշինյանին, նշեց, որ իրենք առաջարկում են, որ այն խցերում, որտեղ կլինեն տեսակցելու սահմանափակմամբ կալանավորներ, նրանք մեկուսացվեն, և պատգամավորին թույլ տան մտնել խուց:
«Ինչ վերաբերում է եղունգները քաշել են, թե` ոչ, այստեղ էլ ունենք լուծումներ, և ճիշտ կլինի, որ այդ հարցերով զբաղվի ՄԻՊ-ը»,- ասաց նա, ապա նշեց, որ համամիտ է Փաշինյանի հետ, որ ՔԿՀ-ում սահմանափակումներ ունեցող կալանավորների առկայության դեպքում իրավունք չունեն պատգամավորին արգելելու մուտք գործել ՔԿՀ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կոչ արեց կողմ քվեարկել առաջարկին, որպեսզի հարցը քննարկվի:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ սա կիրառվել է այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը ժամանակին եղել է արդարադատության նախարար, և նա է մտցրել այս ձևը, որ պատգամավորը չկարողանա մուտք գործել ՔԿՀ: «Հիմա էլ նա պետաիրավականի հանձնաժողովի նախագահն է, դրա համար էլ չի թողնում` քննարկվի առաջարկը»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն էլ հակադարձեց, որ եթե իրենց գործընկերները համարում են, որ կան հակասահմանադրական էլեմենտներ, ապա դա կարգավորելու ճանապարհներ կան, և պետք է դիմել այդ ճանապարհներին: «Մինչև հիմա տեսակցության սահմանափակում ունեցած որևէ կալանավոր չի վիճարկել այդ որոշումը»,- ընդգծեց նա:
Առաջարկը դրվեց քվեարկության և մերժվեց ձայների` 35 կողմ, 51 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: