Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, որով առաջարկվում է, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն ու բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո: Եվ եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում ու պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց այս օրենսդրական նախաձեռնությունը` անփոփոխ թողնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածները, որը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
«Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության` 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, որի համաձայն՝ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Այստեղ ՊՆ-ն պատրաստ է համապատասխան փոփոխություն անել, որ ոչ միայն զորացրված, այլև զինվորական ծառայության ավարտից հետո ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակի վատթարացում ունեցող անձինք ևս օգտվեն այս իրավունքից, որի սկիզբը նախարարության կողմից արդեն դրված է: Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներին, ապա այս օրենքի առաջնային և հիմնական նպատակն է եղել և կա արժևորել այն պայմանները, որոնց ժամանակ և պատճառով զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, ի դեմս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու: Եթե նշված պայմանների շարքում լրացնում ենք ընդհանրապես զինվորական ծառայության ժամանակը, ապա անիմաստ է դառնում այդ պայմանների հատուկ սահմանումը, քանի որ դրանք բոլորը կարող են ծագել բացառապես զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակ: Այդ առումով անիմաստ է դառնում լրացման կատարումը. օրենքում սահմանված պայմաններն ուղղակի պետք է փոխարինվեն զինվորական ծառայության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման դեպքերով՝ պատճառական կապի առկայությամբ: Դրա արդյունքում կվերանա օրենքի` վերը նշված նպատակը, օրենքը փաստացի կդառնա զինծառայողների պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում՝ հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում զինվորական կենսաթոշակներին փոխարինող, վնասների հատուցման մասին օրենք, ինչը կարծում ենք՝ նախագծի հեղինակների մտադրությունից դուրս է»,- մանրամասնեց պաշտպանության փոխնախարարը:
Թեև կառավարության նիստում ընդունվեցին կառավարության առաջարկները, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Պետք է ընդունել, որ այս առաջարկությունները նաև դրական փոփոխությունների բերեցին, որ ՊՆ-ն որոշակի նախաձեռնություններով հանդես եկավ: Կարծում եմ, որ սա ազդակ է մեզ համար, որ յուրաքանչյուր նմանատիպ խնդրահարույց հարցի վերաբերյալ լուծումներ գտնենք, և այս պարագայում լուծումները գտնված են»: