կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 17:45
Տնտեսական

Մեդվեդևը ցանկանում է ռուսական շուկայում տեսնել հայկական պանիր և այլ կաթնամթերք

Մեդվեդևը ցանկանում է  ռուսական շուկայում տեսնել հայկական պանիր և այլ կաթնամթերք

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը: Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ:

 

Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև հայկական պանրի որակը, ընդգծելով, որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք ևս: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել:

 

ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ: Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ: Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին