Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«2025 թ․ առաջին եռամսյակում Վրաստան ներմուծվող ռուսական գազի ծավալը գերազանցել է ադրբեջանականի ցուցանիշը՝ առաջին անգամ վերջին 18 տարվա ընթացքում: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում գազի ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է 183,048 մլն դոլար, որից 100,647 մլն դոլարը (55%) բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 82,401 մլն-ը՝ Ադրբեջանին (45%)։
Տարիներ շարունակ Ադրբեջանը դիտարկվել է Վրաստանի գազային հիմնական գործընկերը, հատկապես Հարավկովկասյան գազատարի (SCP) գործարկումից ի վեր։
Սակայն ներկայիս տվյալները վկայում են փոփոխվող մատակարարման լոգիստիկայի և գեոտնտեսական ուղեգծի մասին։ Թբիլիսին, կարծես թե, վերանայում է իր էներգետիկ ու գեոքաղաքական ռազմավարական հաշվարկները՝ առավել բազմավեկտոր և դիվերսիֆիկացված մոդելի օգտին։ Թուրքական կապիտալի համար վերջին շրջանում ստեղծվող անհարմարությունները դրա կարևոր դրսևորումներից են:
Այս գործընթացի ֆոնին ուշագրավ են Երևանի հայտարարությունները՝ ադրբեջանական գազի հնարավոր ներմուծման շուրջ։ Մինչ տարածաշրջանում սկսում է ձևավորվել գոետնտեսական նոր ճարտարապետություն՝ հիմնված ինչպես շուկայական տրամաբանության, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական ճնշումների հավասարակշռման վրա, պաշտոնական Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը պարզապես դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից։
Վերադառնալով Վրաստանի օրինակի դիտարկմանը՝ նկատում ենք ոչ թե պարզապես գազի ներմուծման ծավալների փոփոխություն, այլև ավելի խորքային՝ աշխարհաքաղաքական վերաձևավորման միտում։ Ռուսական գազի գերիշխող դիրքը կարող է պայմանավորված լինել ոչ միայն գների մրցունակությամբ, այլև մատակարարման հարաբերական կայունությամբ՝ տարածաշրջանի հաղորդակցային ենթակառուցվածքներում աճող անորոշության պայմաններում։
Միաժամանակ, սա կարող է վկայել նաև Ադրբեջանում առկա ռեսուրսային բազայի խնդրի մասին: Արդեն 2027-ին Բաքուն կանգնելու է լուրջ խնդրի առաջ՝ պայմանավորված եվրոպական շուկա գազի արտահանումը կրկնապատկելու պարտավորվածությամբ: Իսկ քանի որ «Անդրկասպյան գազամուղ» նախագիծը դժվար թե առաջիկայում կյանքի կոչվի, Ադրբեջանը ստիպված է լինելու Եվրոպայում իր դիրքերը ապահովելու համար նվազեցնել արտահանման ծավալներն այլ ուղղություններով»: