|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած զինվորի մասին:
Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն հակառակորդի կողմից է պատրաստված:
Սեյրան Օհանյանն ասաց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»:
Այդ արարքի պատճառների մասին նախարարը հայտնեց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքում: Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել: Ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ նա այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»:
Ինչ վերաբերում է այդ զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին, նախարարը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա նրա ընտանիքում են եղել ճնշումներ: Նախնական կարող եմ ասել, որ զինվորի և նրա ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ` ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:
Նախարարը բացառեց նաև զինծառայողին առևանգելու տարբերակը: