Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով` քննադատությունների առումով նախարարությունն իսկապես խոցելի է, համակարգում էլ խնդիրները շատ են:
«Դրանք բավական նուրբ խնդիրներ են, որոնք առնչվում են սոցիալական բազմաթիվ շերտերի ու բազմաթիվ քաղաքացիների: Վերցնենք նույն քրեակատարողական համակարգը կամ հարկադիր կատարման ծառայությունը: Վերջին 4-5 ամիսներին թերևս ամենալուրջ քննարկվող թեմաների կենտրոնում այս երկու համակարգերը հաստատ կան: Դրան գումարենք նոտարական համակարգը, ԶԱԳՍ-երը, թեև վերջինիս վրա նախարարությունն ունի ընդամենը մեթոդոլոգիական ազդեցություն, բայց դրանք այն ոլորտներն են, որոնք առնչվում են քաղաքացիների խնդիրներին: Բնականաբար, դժգոհություններ անընդհատ կան, և դժգոհության սլաքները միանգամից ուղղվում են նախարարությանը կամ նախարարին: Ի՞նչ ասեմ, քաղաքական գործչի ճակատագիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու` կառավարության որոշմանը, մանավանդ, որ նշանակման օրն այդպես էլ չցանկացավ պատասխանել այդ հարցին, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ես` որպես իրավաբան, պետք է պատասխանեմ, որ կա կառավարության որոշում, կառավարությունը նման որոշում է կայացրել»:
Լրագրողները համառեցին` որպես արդարադատության նախարար` ինչպե՞ս է վերաբերվում: Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Որպես արդարադատության նախարար, որպես գյուղատնտեսության նախարար... Բոլորս կառավարության անդամներ ենք, յուրաքանչյուրս ունենք ձայն: Երբ կառավարությունը որոշում է ընդունում, էական չէ` ով ինչ ոլորտի նախարար է, նրանք բոլորը մեկ ձայնի իրավունք ունեն կառավարության նիստի ժամանակ, և բոլորը միաձայն քվեարկել են, այդ թվում` նաև ես»: