Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպել Թուրքիայից ժամանած ներկայացուցիչներ, որոնք եկել էին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
Թուրք քաղաքական գործիչ, «Կանաչներ եւ ձախ ապագա» կուսակցությունից Մեջլիսի պատգամավոր Ուֆուկ Ուրասը, անդրադառնալով Դավութօղլուի այն հայտարարությանը, որ հայերի տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ, դա դրական քայլ որակեց: Թուրք գործիչը թեեւ խոստովանում է, որ Դավութօղլուն իրերն այդքան էլ իրենց անուններով չկոչեց, այնուամենայնիվ, կարծում է, որ դա էլ առաջին քայլ կարելի է համարել:
Ուֆուկ Ուրասը նաև կարծիք հայտնեց, որ պետք է ստեղծել իրավական ու քաղաքական պայմաններ, որ հայերի թոռները Սփյուռքում կարողանան վերադառնալ իրենց հայրենիքը և ապրել այնտեղ: Ըստ թուրք քաղաքական գործչի` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Իսկ Էրդողան-Պուտին հարաբերությունների զարգացումը կարող է պայմաններ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
«Թաքսիմի հրապարակում երեկ թուրքերն ասում էին՝ հայե'ր, ներեք մեզ: Կարևոր էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թաքսիմի հրապարակում ցույցի մասնակիցներին: Մենք էլ շնորհակալ ենք նրան, որ նա այդպես արձագանքեց»,- ասաց Ուֆուկ Ուրասը՝ հավելելով, որ Թուրքիայի Սահմանադրությունը պետք է հնարավորություն տա, որ փոխհատուցվեն հայերի վնասները: Նրա խոսքով՝ բացի այն, որ թուրքերը պետք է ներողություն խնդրեն, փոխհատուցումն էլ պետք է լինի առանց նախապայմանների:
«Ես Հայաստան եմ եկել ինքնաթիռով, այստեղ ես չեմ տեսնում տրամաբանություն: Եթե հնարավորություն կա հարևան երկիր գնալ ցամաքային ճանապարհով, ինչո՞ւ գալ օդային ճանապարհով: Ուստի համատեղ պետք է պայքարենք նման անտրամաբանական երևույթների դեմ»,- ասաց Ուֆուկ Ուրասը: