կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 15:03
Սպորտ

Համալրված զինանոցով հայ հրաձիգներն ավելի բարձր արդյունքներ կգրանցեն

Համալրված զինանոցով  հայ հրաձիգներն ավելի բարձր արդյունքներ կգրանցեն

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 6-20-ը Իսպանիայի Գրանադա քաղաքում ընթանում էր հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հայ մարզիկները փայլուն հանդես եկան` նվաճելով 5 մեդալ:   Այս կապակցությամբ Yerkir.am-ի թղթակիցն այցելեց Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց:

 «Նախկինում նման հաջողություն երբեք չենք ունեցել: Առաջնությանը մասնակցում էր աշխարհի 94 երկիր, որոնց մեջ մենք գրավել ենք 25-րդ հորիզոնականը: Կարող էինք նաև ոսկե մեդալ նվաճել, սակայն չստացվեց»,- ասաց  Հայաստանի հավաքական թիմի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը  և  հույս հայտնեց, որ հետագայում, ապահովված լինելով ավելի շատ զենք-զինամթերքով, կկարողանան ավելի բարձր արդյունքներ գրանցել

 «Աշխարհի առաջնությանը պատրաստվել եմ երկար ժամանակ և մեկնել էի Գրանդա մեդալի համար: Եզրափակիչում զիջեցի ռուս հրաձիգին և գրավեցի 2-րդ տեղը, ինչը ինձ համար մեծ հաղթանակ է»,- ասաց աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հրաչիկ Բաբայանը

«Հաջորդ տարի պետք է մասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, որտեղ մրցելու եմ  մեծահասակների հետ և պայքարելու եմ 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրի համար»:

 

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Լաուրա Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց մարզադպորցի հիմնադրման և ներկայիս վիճակի մասին.

 

- Մարզադպրոցը հիմնադրվել է 2008 թվականին` Հրաչյա Պետիկյանի ջանքերով  և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով: Հրաձգարանը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայովհամապատասխանում է միջազգային ստանդարտներին: Մարզադպրոցում զարգանում են հրաձգություն, սուսերամարտ և նետաձգություն մարզաձևերը: Բացի հրաձգությունից, այս տարի հաջողություններ են գրանցվել նաև սուսերամարտում ու նետաձգությունում: Այս տարի մեր նետաձիգներից մեկը նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ սուսերամարտիկներից մեկը լրացրել է սպորտի վարպետի կոչումը:

 

Տեղեկացնենք, որ Հայաստանի  հրաձգության ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թվականին: 2011 թվականից ֆեդերացիան գլխավորում է Արթուր Հովհաննիսյանը, ով  նոր գաղափարներ, ուժ ու եռանդ է փոխանցել ֆեդերացիային, ինչի շնորհիվ վերջին տարիներին մեր հրաձիգները բավական մեծ հաջողություններ են գրանցում:

Ներկայումս Հայաստանի հրաձգության ֆեդերացիան և ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդակցում են ապագա համատեղ գործունեության մասին, քանի որ մարզաձևը սերտորեն կապված է պաշտպանության բանակի հետ:

 

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ