կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 14:59
Հասարակություն

Դաշնակցական պատմական գումարտակը հավաքվել է՝ նոր պահեստազորայիններով համալրված

Դաշնակցական պատմական գումարտակը հավաքվել է՝  նոր պահեստազորայիններով համալրված

Պահեստայինների նոր կազմավորվող ստորաբաժանման հրամանատարը 1990-94 թվականներին ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Հովսեփյանն է, այն ժամանակվա շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը՝ այժմ էլ շտաբի պետը:

ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմված Պահեստային կամավորականների գումարտակը հավաք է անցկացրել Բյուրականում, հաշվառել անդամներին, ճշգրտել թիվը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները հանդիպել են նրանց հետ, քննարկել գումարտակի գրանցման, վարժանքների, մարտական խնդիրներին ծանոթացնելու հեռանկարները:

Արտաշես Մխիթարյանը Yerkir.am-ին ասաց՝ սա Դաշնակցության զինված ուժեր չեն, այլ 1990-94 թթ. հերոսական գումարտակի հենքով կազմված պահեստազորային ստորաբաժանում, որն անհրաժեշտության դեպքում մարտի դաշտ է մեկնելու ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով ու կիրառվելու է զինված ուժերի ղեկավարության կարգադրություններով ու հրահանգներով:

«Նպատակն ավելի ներդաշնակ գործելն ու մարտական խնդրի հետ նախօրոք ծանոթանալն է, որովհետև ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նույն պահեստազորայինները, որոնք զինկոմիսարիատի կողմից էին զորահավաքի ենթարկվել, իրենց համար անծանոթ վայրում հայտնվելով՝ շատ դժվարությունների հանդիպեցին»,- նշեց նա:

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, մարտական գործողությունների մասնակից Հրանտ Մարգարյանը ՀՅԴ պահեստազորայինների գումարտակի հավաքի ընթացքում ելույթով դիմեց ներկաներին::

Պահեստազորային այս գումարտակը՝ իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվել է  2017-ին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով,  ԶՈւ զորամասերից մեկում 1-շաբաթյա վարժական հավաքների մասնակցել, բայց  2018-ին կազմալուծվել է:

Մեկ տարի էլ չանցած՝ 2019-ի սկզբներին, ՊՆ գլխավոր շտաբը կրկին առաջարկել է վերականգնել գումարտակը: Երբ ներկայացրել են պաշտոնական հաստիքացուցակն՝ ըստ մասնագիտությունների, ԳՇ-ից առաջարկել են հավաքվել մի տեղ, որպեսզի ստուգեն անձնակազմի առկայությունը և գումարտակի համալրվածությունը: Բյուրականում հենց այդ հավաքն էր: Երբ գումարտակը գրանցվի, վարժանքները կներառվեն ԶՈւ պատրաստության պլանում, և պարապմունքները կկազմակերպվեն ԶՈՒ կազմում և միջոցներով:

«Գումարտակը կիրառվելու է ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Համաձայն օրենքի՝ առաջին կարգի պահեստազորայիններ են՝ մինչև 48 տարեկաններ, և  երկրորդ կարգի՝ մինչև 50 տարեկաններ: Բայց կարող են նաև պահեստազորային պատրաստության միջոցառումներին հրավիրել սահմանային տարիքը լրացած քաղաքացիների՝ պայմանագրային հիմունքներով»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Բյուրականի հավաքին մասնակցելու էին եկել պահեստազորայիններ մայրաքաղաքից ու գրեթե բոլոր մարզերից, առավել հեռու համայնքներում գումարտակի տղաները հավաքվել և հաշվառվել էին տեղում:

Մխիթարյանի խոսքով՝ պարբերական վարժական հավաքների միջոցով պետք է կատարելագործվեն պահեստազորայինների ռազմական հմտությունները, ունակությունները, ավելի մանրամասն պետք է ծանոթանան մարտական խնդիրներին, հետո այն տարածքում, որտեղ մարտական խնդիր են կատարելու,  հնարավոր է իրականացնեն մարտական հերթապահություն, որպեսզի տեղանքին ավելի լավ ծանոթանան:

1990-94 թթ. մարտական գործողությունների մասնակցելուց հետո ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հենքով Արցախում ստեղծվեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: ՀՀ ԶՈւ կանոնավոր բանակի այդ ստորաբաժանումը մինչ օրս գործում է՝ համալրվում ժամկետային զինծառայողներով:

Գումարտակի վերտերաններն ամեն հոբելյանական նոյեմբերի այցելում են այդ զորամասը: Ասում են՝ այնտեղի ցուցակներում հավերժ  ներառված  են իրենց զոհված ընկերների՝ Պետրոս Ղևոնդյանի, Ալբերտ Ալավերդյանի, Մուրադ Զաքարյանի, Հրաչ Գասպարյանի և մյուսների անունները:

Վերջին այցը զոհված փոխհրամանատարի՝ Պետոյի ծննդյան 55-ամյակին էր:

ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ, Պահեստային կամավորական գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանն ասում է՝ նախկին գումարտակի վետերանների զգալի մասը գործազուրկ է կամ սոցիալական դժվար պայմաններում. Դաշնակցությունը փորձում է օժանդակել՝ որքան հնարավոր է: Ինքը հրադադարից հետո 23 տարի ծառայել է զինված ուժերում:

Ներկայիս՝ պահեստազորային գումարտակում ընդգրկվելու հնարավորություն ունեն բոլորը, բացի, Մխիթարյանի խոսքով, հակադաշնակցականներից: