կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 16:48
Հասարակություն

Կարգը խախտողներին կգրանցեն սարքերը

Կարգը խախտողներին կգրանցեն սարքերը

Ի՞նչ անել այն դեպքում, երբ վարորդը պնդում է, որ իրավախախտում չի կատարել, իսկ ճանապարհային ոստիկանն էլ պնդում է, որ իրավախախտում եղել է: Ճանապարհային ոստիկան-վարորդ շփումն այսուհետ նվազագույնի կհասցվի. շվեդական Sensis Trafik կազմակերպությունը շուրջ 9,8 մլն եվրո կներդնի` Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու նորոգման ծառայությունների համար:

Ծրագրի ներդրմամբ նվազագույնի կհասցվեն սահմանված արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Այդ նպատակով արդեն այս տարի 10 խաչմերուկներում եւ 15 մայրուղիներում կտեղադրվեն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր ու արագության չափման սարքավորումներ` ռադարներ:

Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի նաեւ խախտումների արձանագրման կենտրոնը. ավտոմատ կերպով կգրանցվի խախտումը, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը, այնուհետեւ համապատասխան ծրագրի միջոցով արձանագրություն կկազմվի եւ կտրամադրվի համապատասխան տեսուչներին, որոնք էլ այն ծրարով կուղարկեն իրավախախտ վարորդներին: Ասել է թե` կոռուպցիան կնվազի:

«Դուք գիտեք, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք անպատժելի են, եւ եթե ցանկացած ճանապարհային ոստիկանի տան իրենց հորեղբոր, քեռու կամ որեւէ այլ մեկի անունը, կարող են անպատժելի մնալ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:- Այս համակարգի ներդրմամբ մենք կարող ենք ամբողջությամբ ձեռնպահ մնալ սուբյեկտիվիզմից, եւ բոլոր քաղաքացիները կգտնվեն օրենքի առջեւ հավասարության սկզբունքի դաշտում: Ճանապարհային ոստիկանը չի կարողանալու միջամտել եւ ասել, որ սա իմ ծանոթի կամ բարեկամի մեքենան է կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնատար անձի տրանսպորտային միջոցը: Բնականաբար, կնվազեցվեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը»:

Ավելորդ է նշել, որ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նպատակով վերահսկողության համակարգի ներդրման արդյունքում, բնականաբար, կկրճատվի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների մի մասը: Սակայն Ա. Օսիկյանը վստահեցրեց, որ որեւէ ոստիկան գործազուրկ չի դառնա:

Ի դեպ, որպես փոխհատուցում` շվեդական ընկերությունը կստանա գանձված տուգանքների 70 տոկոսը` մինչեւ ներդրումների գումարն ամբողջությամբ վերադարձվի: Այնուհետեւ անցում կկատարվի 50/50 սկզբունքին:

Փաստորեն, շատ շուտով իրականություն կդառնա այն վտանգը, որն առկա էր ճանապարհային ոստիկանության բարեփոխումների փաթեթում, այն է` ոստիկանների աշխատավարձը կձեւավորվի տուգանքներից: Դա է պատճառը, որ ճանապարհային ոստիկանությունը, մոռանալով իր հիմնական գործառույթը, ընկել է պատժիչ գործողությունների հետեւից: Գաղտնիք չէ, որ վերջիններս շատ հաճախ փորձում են որսալ կարգը խախտողներին, փոխանակ այնպես անելու, որ այդ կարգը չխախտվի: