Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական զարգացումների, մասնավորապես` առաջիկա հանրահավաքին չմասնակցելու` Դաշնակցության որոշման մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ այս օրերին ակնհայտ է, որ մեծ է հետաքրքրությունը ՀՅԴ քայլերի նկատմամբ, և կա մեկնաբանությունների կարիք:
Նրա խոսքով` քառյակի վերջին նիստում քննարկումներն անցել են փոխըմռնման ու հանգիստ մթնոլորտում: Ըստ Աղվան Վարդանյանի` քառյակի նիստում արձանագրվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցով կա առանցքային խնդիր, բայց որոշվել է, որ մյուս բոլոր հարցերում քառյակի համագործակցությունը շարունակվելու է, և առավելագույնս պետք է կոռեկտ լինել միմյանց նկատմամբ, ընդ որում` այդ գործելաոճը պահպանվում է: Սակայն, ըստ պատգամավորի, այլ բան է, որ որոշ լրատվամիջոցներում հերթական փորձն է արվում` «Դաշնակցությանը պիտակավորելու, ամենավերջին ցեխարձակումներն անելու»:
«Այդ ամենը նորություն չէ, և մենք գիտակցում ենք, որ կլինեն նաև այդ կարգի արձագանքներ: Բայց մենք վստահ ենք մեր որոշումներում, հակառակ դեպքում, եթե տրվեինք տարբեր արձագանքներին, ապա կլինեինք մեկ այլ բան, բայց` ոչ պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ: Շեքսպիրն ասում է` «կատուն կմլավի, շունն էլ կհաչի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը նշեց, որ հանրահավաքն ունի իր հստակ նպատակը, և դա խորհրդաժողով ու ֆորում չէ, որ այդտեղ հնչեն տարբեր կարծիքներ, այսինքն` հնարավոր չէր հանրահավաքի ժամանակ շրջանցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների հարցը:
«Մենք առաջարկել ենք հայեցակարգն ընդունելուց հետո որոշել հանրահավաքի օրը, բայց մեր գործընկերներն իրենց ներսում, կարծես, արդեն որոշում ունեին, և այդ հարցի հետ կապված` փոխըմբռնմամբ հնարավոր չեղավ միասնական որոշում ունենալ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք փորձում են հակադրություն տեսնել ՀՅԴ ղեկավար մարմինների ու շարքերի միջև, պատգամավորը նշեց, որ հակադրություն, բնականաբար, չկա, իսկ հրապարակումները զուրկ են հիմքերից:
«Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե, իրենց հավաստի աղբյուրների համաձայն, օրերս Դավիթ Լոքյանը նշանակվելու է գյուղատնտեսության նախարար: Բնականաբար, նման բան չկար, և այդ լրատվամիջոցները վատ չզգացին այդ հրապարակումների համար»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որն իր Գերագույն ժողովներն անում է երկու տարին մեկ պարբերականությամբ` իր հստակ բանաձևումներով: