Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չհերքեց, որ «Ժառանգության»` արդեն նախկին անդամ Ռուբեն Հակոբյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է` Հակոբյանը կրկին վերադառնա ՀՅԴ, ասաց, որ այս պարագայում դա էական չէ:
Խոսելով Հակոբյանի՝ «Ժառանգություն»-ից դուրս գալու մասին` Վարդանյանը նշեց, որ դժվար է գնահատական տալ, քանի որ լինում են տարբեր հանգամանքներ ու իրողություններ, ուստի սխալ է միանշանակ գնահատական տալ բոլոր դեպքերին: Ըստ նրա` պետք չէ դատել մարդկանց ու բոլորին նույն արշինով չափել:
«Ակնհայտ է` և\' լրագրողների և\' քաղաքական գործիչների համար, որ ինչ-որ բան այն չէ այն «երկրում», որը «Ժառանգություն» է կոչվում: Սպասվում էին որոշ զարգացումներ: Անակնկալ չէր, կարծում եմ: Ռուբիկ Հակոբյանի որոշելիքն է, «Ժառանգության» որոշելիքն է, և հատուկ գնահատական չունեմ: Մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը: Դաշնակցության հետ կապված` ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, որովհետև լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Ռուբիկ Հակոբյանը բանակցում է Դաշնակցության հետ, և ես ասել եմ, որ նման բան չկա, և դա չի համապատասխանում իրականությանը: Բայց երբեք մի ասա` երբեք: Եթե Ռուբիկ Հակոբյանը կամ որևէ այլ անձ ցանկանա վերադառնալ կամ ընդգրկվել Դաշնակցության մեջ, մենք կքննարկենք, ինչպես բոլոր մյուս մարդկանց պարագայում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը չընդունի նրանց, ովքեր դավաճանել են կուսակցությանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Պետք է ծանոթանալ Դաշնակցության կանոնագրքին. կան դեպքեր, երբ մարդիկ իսկապես արտաքսվել են Դաշնակցությունից, և նրանց վերադարձը գրեթե անհնար է, ու միայն Ընդհանուր ժողովը կարող է վերականգնել: Ռուբիկ Հակոբյանին դավաճան չենք համարում, նա նաև արտաքսված չէ, նա հեռացված է: Ոչինչ բացառել պետք չէ: Կքննարկենք ու կեզրակացնենք: Այսօր որևէ նման հարց գոյություն չունի, ոչ էլ` քննարկում: Կլինի, կքննարկենք: Ռուբիկ Հակոբյանը դեռ որևէ ցանկություն չի հայտնել»: