կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 16:36
Քաղաքական

ՀՅԴ-ն ակտիվ քարոզչությամբ է զբաղվելու. Աղվան Վարդանյանը ներկայացրեց անելիքները

ՀՅԴ-ն ակտիվ քարոզչությամբ է զբաղվելու. Աղվան Վարդանյանը ներկայացրեց անելիքները

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նա նախ նշեց, որ ՀՅԴ-ն վաղուց է սկսել քարոզարշավը, մինչև անգամ` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումը: ՀՅԴ-ն հանրապետության ամբողջ տարածքով կուսակցական կոմիտեություններում հավաքներ է անցկացրել՝ քննարկելով կոմիտեությունների բարձրացրած հարցերը:

«Հիմա արդեն ստեղծվել է միասնական շտաբ. գերագույն մարմինն է, որը ես եմ համակարգելու: Նաև մարզերում կունենանք մեր շտաբները, ըստ նպատակահարմարության` կունենանք շտաբներ կոնկրետ տարածքներում: Քարոզարշավը մամուլով և հեռուստատեսությամբ ընթացքի մեջ է: Կազմել ենք նախնական գրաֆիկ՝ մարզեր այցելությունների համար, դա կքննարկենք մեր մարզային կոմիտեների պատասխանատուների հետ նոյեմբերի 1-ին: Մենք ծրագրել ենք յուրաքանչյուր մարզում ունենալ երեք-չորս հանդիպում, դրանք կլինեն դահլիճային հանդիպումներ ժողովրդի հետ: Եվ պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, գուցե նրանք կցանկանան ավելացնել այդ հանդիպումների թիվը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ շտաբի ներսում աշխատանքի բաժանում են իրականացրել. մի խումբը կզբաղվի քարոզչական նյութերի պատրաստմամբ, դրանց տարածմամբ, մի խումբը կզբաղվի նախընտրական հիմնադրամի աշխատանքներով, մյուսը` հանդիպումների կազմակերպման աշխատանքներով:

«Աշխատում ենք քարոզչքական նյութերի վրա, կունենանք բուկլետ, որը հանրամատչելի ու պարզ կբացատրի, թե ինչու պետք է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Մենք ձևավորել ենք կենտրոնական քարոզիչների խումբ՝ 20 հոգուց բաղկացած, ստեղծել ենք խմբեր, որոնց պատասխանատուներն են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանն ու Լևոն Մկրտչյանը: Յուրաքանչյուր խմբում կլինեն չորս-հինգ` մեր ճանաչված դաշնակցական գործիչները, և յուրաքանչյուր խումբ հանդիպում կունենա երկու մարզում: Այսինքն` այդպես մենք կլինենք 10 մարզերում»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ հանդիպումները ծրագրում են իրականացնել նոյեմբերի կեսերից:

Երևանում ՀՅԴ-ն նույնպես ծրագրում է անցկացնել հանդիպումներ, կազմակերպել մասնագիտական, ոլորտային քննարկումներ տարբեր խմբերի հետ: «Այս մեկ ամիսը կարող եք համարել մեր ակտիվ քարոզչության ժամանակաշրջան»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն ծրագրո՞ւմ է հանրահավաքային ձևաչափ քարոզչության ընթացքում, նա պատասխանեց. «Չենք ծրագրում դեռևս հանրահավաք, հետագայում, ըստ անհրաժեշտության, կքննարկենք այդ հարցը»: