Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր լրագրողների խնդրանքով ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ՀՅԴ-ի եւ վարչապետի հարաբերությունների վերաբերյալ ծավալված վերջին խոսակցություններին: Նա ընդգծեց, որ եղել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, որին հաջորդել է վարչապետի արձագանքը, եւ հորդորեց այսքանով բավարարվել:
«Ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս երկու հայտարարությունների հիման վրա, ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե դուք ուշադիր կարդաք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը եւ ուշադիր կարդաք վարչապետի կարճ արձագանքը, կարծում եմ` ինքներդ ամեն ինչ կհասկանաք»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե ՀՅԴ ղեկավար մարմիններում, այդուհանդերձ, փոփոխություն հնարավո՞ր է, նա արձագանքեց. «Իհարկե, հնարավոր է: ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է եւ, ի տարբերություն շատ շատերի, առողջ կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ, տեսակետների բախումներ են լինում, մտքեր են առաջանում, եւ այսօր մեզ համար իսկապես այդպիսի շրջան է: Ուզենք, թե չուզենք, անկախ ընտրություններին տրված մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք. երեք ընտրություններում մեծ հաշվով մենք ձախողվել ենք, եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք: Թթողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, բայց գուցե ինչ-որ բան մեզ մոտ էլ է սխալ, մենք էլ ինչ-որ բաներում թերացել ենք: Մենք քննարկումների մեջ ենք, եւ դրանք առողջ քննարկումներ են: Ո'չ առաջին օրն է, ո'չ էլ վերջին, որ փորձում են ՀՅԴ-ի մեջ պառակտումներ, բաժանումներ տեսնել, հանգիստ եղեք, որեւէ խնդիր այստեղ մի տեսեք»:
Լրագրողների խնդրանքով կրկին անդրադառնալով վարչապետի հետ ծագած խնդիրներին` Վարդանյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չունի, եւ եւս մեկ անգամ հորդորեց նայել երկու տեքստերը` գնահատականը պարզ է:
«ՀՅԴ-ն իր քայլերը, իր որոշումներն ընդունում է ինքնուրույն, մենք որեւէ խնդիր չունենք, այս առումով ես շատ հանգիստ եմ: Երկու տեքստերն էլ նայեք, համեմատեք եւ կտեսնեք, թե ճշմարտությունը որտեղ է»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: