կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 11:39
Քաղաքական

Հիմա եթե «Շունն ու կատուն» էլ եք քաղաքականացնում, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից. Նաիրա Զոհրաբյան

Հիմա եթե «Շունն ու կատուն» էլ եք քաղաքականացնում, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է զարմանալ ներկայիս կառավարության գործելաոճից. նրա ներկայացրած` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին նախագծի վերաբերյալ դրական արտահայտվելուց հետո  կառավարությունը զղջացել է ու նրան գրություն ուղարկել` առաջարկելով ձեռնպահ մնալ այդ նախագիծն ընդունելուց:

Այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադառնալով այս հարցին` Զոհրաբյանը մասնավորապես նշեց. «Կառավարությունն իմ առաջարկը քննարկում է, որի արդյունքներով դրական մեսիջներով անում է ավելի դրական առաջարկներ, որոնք ինձ ավելի են ոգևորում։ Նրանք ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, պետք է լինի մինչև 3 տարի ազատազրկում։ Ես ասում եմ՝ բռավո, համաձայն ենք։ Դրական նոտայով գալիս է Ազգային ժողով, բայց երեկ մենք ստացել ենք կառավարությունից գրություն, որով առաջարկվում է ձեռնպահ մնալ այդ նախագիծն ընդունելուց, քանի որ մենք Ազգային ժողովում ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը քննարկում է այդ հարցը։ Հիմա եթե «Շունն ու կատուն» էլ եք քաղաքականացնում, ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քավ լիցի, խնդիր չկա, արեք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Եթե դուք կարծում եք, որ պետք է այդ նախագիծը դուք ներկայացնեք, որ շներն ու կատուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, քանի որ վիճակագրությունը բավականին ծանր է` կենդանիներին ամեն օր խեղում են»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի`«Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը վերաբերում էր քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, ըստ որի`առաջարկվում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումն ու ծանակումը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից բերել քրեական օրենսգիրք, ինչպես նաև այդ գործողությունների համար նախատեսել քրեական պատասխանատվություն։

Այսօր ԱԺ հերթական նիստում, սակայն, ԱԺ մեծամասնությունը քվեարկությամբ նախագիծը չընդգրկեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում։