Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գիշեր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած սպանությունը, որի արդյունքում մահացել էր 1970-ին ծնված Արմեն Հակոբյանը, բացահայտվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
«Հանցագործն այս պահին ինքնախոստովանական ցուցմունք է տալիս: Դեպքի վայրից առգրավվել է նաև հանցագործության գործիք համարվող դանակը»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ աշխատանքներ է կատարում հետախուզման մեջ գտնվող` Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ, ոստիկանապետն ասաց. «Վալերի Օսիպյանն աշխատում է որպես Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ և իր գործառույթները պատշաճ իրականացնում է: Ցանկացած ոստիկան կարող է ունենալ հարազատներ, ովքեր հանցագործություններ կատարած լինեն: Հանցագործությունն ամրագրվում և մեղսագրվում է այն ժամանակ, երբ որ կա դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները կատարվում են առանց որևէ կաշկանդվածության»:
Փաստորեն, երբ խոսքը վերաբերում է իր տեղակալի հարազատին, Կարապետյանը հիշում է անմեղության կանխավարկածի մասին, իսկ վայրկյաններ առաջ ասված իր խոսքում նա չզլացավ դեռևս գործում կասկածյալ համարվող քաղաքացուն կոչել «հանցագործ»:
Նշենք, որ Նուբարաշենի բնակիչ` 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը Հայաստանում է և ինքնակամ կներկայանա բաժին:
Անդրադառնալով նրա հայտնաբերմանը` ոստիկանապետը նշեց. «Ոստիկանությունն այս պահին նրա հայտնաբերման վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Եթե փաստաբանը գիտի նրա տեղը` ինչո՞ւ իրավապահ մարմիններին չի հայտնում»: Կարապետյանը նաև հորդորեց չքաղաքականացնել գործը: