Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել մաեստրոյին նվիրված հոբելյանական համերգ, կառավարության աջակցությամբ հրատարակվել է «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում:
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, պատրաստվել են տարբեր հեռուստահաղորդումներ, տեսաֆիլմեր՝ նվիրված մեծանուն արվեստագետին: Չեքիջյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված փառատոններում ու ծրագրերի շրջանակում:
Սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:
2015 թվականին էլ նախատեսվում է համերգային երեկո կազմակերպել Նյու-Յորքում: Կբացվի նաև Հովհաննես Չեքիջյանի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Նիստի ավարտին Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իր հոբելյանին նվիրված միջոցառումները կառավարության կողմից լավագույնս կազմակերպելու համար: