Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի համար 2016 թվականը հոբելյանական է. երեկ անվանի արտիստը դարձավ 75 տարեկան:
Այսօր, ժամը 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա գալստյանական խորեոգրաֆիայով` Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը, որը նվիրում է հոբելյարին: Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի, բեմանկարիչ՝ Մինաս Ավետիսյան, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Դերերում հանդես կգան Սյուզան Փիրումյանը /Գայանե/, Սևակ Ավետիսյանը /Արմեն/, Գրիգոր Գրիգորյանը /Գիքո/, Տաթևիկ Գրիգորյանը /Նունե/, Գարեգին Բաբելյանը /Կարեն/:
Մինչ ներկայացումը, թատրոնի բեմում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն:
Վ. Գալստյանը 1959 թվականին, Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև, 1961 թվականից հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Վիլեն Գալստյանի արվեստի երկրպագուները մինչ օրս հիշում են նրա կերտած կերպարները, այդ թվում, Սպարտակը՝ Ա. Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961 թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում» (1974 թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում» (1961 թ.), Բյուրատը` Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռքում» (1966 թ.), Կոմիտասը՝ «Անտունիում » (1969 թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթում» (1976 թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևսում» համանուն կերպարը (1967 թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում» (1970 թ.): Արվեստագետը, բեմական գործունեությանը զուգահեռ` հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974 թ., 2004 թ.), «Սպարտակ» (1978 թ., 1982 թ., 1987 թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976 թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002 թ.) և այլն:
Անվանի արտիստը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ներկայացել է Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր բեմերում:
Վիլեն Գալստյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Նա աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրո Սոլիսում» որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում Վ. Գալստյանը ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, տարբեր տարիների եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 15 տարի Վ. Գալստյանը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ներկայումս Վիլեն Գալստյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է: