Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մենք մշտապես բաց ենք քննարկումների համար, և իհարկե, կառուցողական քննարկումը մշտապես բերում է առաջընթացի. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով կլոր սեղանի ավարտից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանը:
«Աշխատանքային օրենսգրքի կիրառման լիազոր մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իսկ վարչապետի աշխատակազմի գրասենյակը պատասխանատու է միայն պետական համակարգի վարձատրության քաղաքականության մշակման համար: Մենք մշտապես բաց ենք քննարկումների համար, և իհարկե, կառուցողական քննարկումը մշտապես բերում է պրոգրեսի: Առաջարկները քննարկվում են, և դրանք առողջ լուծումներ են պարունակում, իհարկե, դրանք հաշվի կառնվեն մեր կողմից»,- ասաց նա:
Հարցին` Հայաստանում պաշտպանվա՞ծ են աշխատողների իրավունքները, Մաթոսյանն արձագանքեց. «Դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել: Աշխատողի իրավագիտակցության խնդիր կա. պետք է իրավունքներդ լավ իմանաս և փորձես նաև պաշտպանել: Այս խնդիրները մենք ունենք»:
Հիշեցնենք, այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին ՀՅԴ վերոնշյալ գրասենյակի մասնագետներ, ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ աշխատակազմերից ներկայացուցիչներ, պատգամավորներ, փաստաբաններ և այլ հյուրեր: