կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 13:03
Հասարակություն

Կառավարությունը կթեթևացնի՞ վարորդների վրա ծանրացող` տուգանքների բեռը

Կառավարությունը կթեթևացնի՞ վարորդների վրա ծանրացող` տուգանքների բեռը

Այսօր ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ: Նստ օրինագծի` եթե արձանագրված խախտումն իրականացվել է առնվազն 15 տարվա գործարանային թողարկման կամ առնվազն 10 տարվա գործարանային թողարկման եւ 250-ից 350 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ առնվազն 5 տարվա գործարանային թողարկման եւ 120-ից 250 ձիաուժ հզորությամբ շարժիչով, կամ մինչեւ 120 ձիաուժ հզորությամբ շարժիչով թեթեւ մարդատար ավտոմոբիլով, բեռնատար ավտոմոբիլով, միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ վարչական ակտով տուգանքները նշանակվում են օրենսգրքով սահմանված տուգանքների 50 տոկոսի չափով:

Պատգամավորը այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկումից ի վեր, որ տեղի է ունեցել 2012 թվականին, Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների արձանագրված խախտումների թիվը աճել է 142 տոկոսով: Ընդ որում` ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած քաղաքացիների թիվը նշված ժամանակահատվածում չի նվազել:

Այդ վիճակագրությունը փաստում է, որ երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկումը որեւէ տեսանելի բարելավում չի մտցրել երթեւեկության կարգապահության բարձրացման եւ անվտանգության ապահովման իմաստով: Փոխարենը դարձել է ֆիսկալ գործիք, որ ծանրացրել է հայաստանցիների` առանց այն էլ ծանր սոցիալական դրությունը:

Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթեւեկության կարգապահության եւ անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ:

Ակնկալվում է, որ օրենքի ընդունման պարագայում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի, եւ սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեցվեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթեւանա երթեւեկությանը հետեւող տեղանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող բեռը:

Հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանն ասաց, որ նախագծի հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը, բացակայում է երկրից, և հարցի քննարկումը հետաձգվում է:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ կառավարությունը երկու ուղղությամբ աշխատում է այդ հարցի շուրջ: Մասնավորապես` առանցքային կետերն են` նվազ հանրային վտանգավորություն ունեցող վարչական իրավախախտումների դեպքում տույժեր չկիրառելը, նախազգուշացումների կիրառման համակարգը կիրառելը, բողոքարկման համակարգի արդյունավետությունը մեծացնելը: