կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 15:31
Հասարակություն

Ֆրանսիայի իշխող կուսակցության անդամները կարևորում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

Ֆրանսիայի իշխող կուսակցության անդամները կարևորում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծի  ընդունումը

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի` իշխող Սոցիալիստական կուսակցության խմբակցության պատվիրակությունը` խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորությամբ: Այսօր ԱԺ-ում ֆրանսիացի խորհրդարանականները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ միասին պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

Նշենք, որ 2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի պատվիրակությունը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարևորեց Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող խորհրդարանականների այցը Հայաստան: «Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարևորեց ֆրանսիացի այն խորհրդարանականների այցը Հայաստան, ովքեր միշտ եղել են Հայ դատի կողքին, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի կողքին: «Ժան Ժորեսն առաջին քաղաքական գործիչներից էր, ով ամենաբարձր ամբիոններից խոսեց Հայոց ցեղասպանության խնդրի մասին: Նա ոչ միայն բարձրաձայնեց, այլև ակտիվ, ամենօրյա աշխատանքով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը` հիմք դնելով համամարդկային շարժումների, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որ Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների հարցն է, այլ նաև` համամարդկային նշանակության խնդիր»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ մեծ պատիվ է, որ Հայաստան են այցելել Ժան Ժորեսի հիմնադրած կուսակցության անդամները:

 

Ֆրանսիայի խորհրդարանի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենց կուսակցության անվանի քաղաքական գործչի` Ժան Ժորեսի մահվան հարյուրամյա տարելիցը լավ պատրվակ էր` արժևորելու Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները: Նրա խոսքով` մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը արդեն կային հայերի ջարդերի դեպքեր, և մինչև Հայոց ցեղասպանությունը Ժան Ժորեսը բարձրացրել է հայերի ջարդերի խնդիրը, որ չպետք է նման երևույթներ լինեն մարդկային պատմության մեջ: Բրյունո լը Ռուն բոլորին հրավիրեց այսօր Ֆրանսիական համալսարանում անցկացվելիք միջոցառմանը, որտեղ ավելի մանրամասն կներկայացվեն այն խնդիրները, որոնք իր ժամանակին բարձրացրել է Ժան Ժորեսը:

 

Ֆրանսիացի խորհրդականը նշեց, որ իրենց այցը նաև քաղաքական բնույթ է կրում` թե ինչպես պետք է ընթանան երկու երկրների միջև հարաբերությունները:

 

«Մենք հավատարիմ ենք մեր նախագահ Ֆրանսուա Օլանդի որդեգրած արժեքներին, որտեղ կարևորվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Մենք հույս ունենք, որ 2015-ին կամբողջանա այն օրենքը, որը ընդունվել էր դեռ 2001-ին, և քրեորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Բրյունո լը Ռուն: