|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բոյերը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանին:
«Նոր օրինագիծը ներկայացրել եմ խորհրդարանում: Հուսով եմ, որ օրինագիծը կհայտնվի խորհրդարանի օրակարգում»,- Բոյերի խոսքերն է մեջբերել թուրքական Haberler-ը՝ նրան «թուրքատյաց» ներկայացնելով:
Բոյերը հայտնել է, որ նոր օրինագծի օրինակներն ուղարկվել են Ազգային ժողովի և Սենատի կուսակցական բոլոր խմբակցություններին, և արդեն 40 պատգամավոր համաձայնել է ստորագրել նոր օրինագիծը:
Հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` նախորդ տարվա ապրիլի 24-ին տված խոստումը նոր օրինագիծ ընդունելու վերաբերյալ, Բոյերն ասել է. «Ակնկալում եմ, որ նախագահը տված խոստումը կկատարի»:
Հայտնելով, որ Միջին Արևելքում իրականացվող ցեղասպանությունների ուղղությամբ ևս պետք է օրինագիծ ընդունել, ֆրանսիացի պատգամավորը հավելել է, որ Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնությունների ու քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Նա քննադատել է Թուրքիային այդ հարցում նրա դիրքորոշման համար:
Թուրքական կայքը հիշեցրել 2011 թվականին Բոյերի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվել էր Ազգային ժողովի եւ Սենատի բոլոր խմբակցությունների կողմից 2012-ի հունվարի 23-ին: Սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը, պատճառաբանելով խոսքի ազատության իրավունքը, այն հակասահմանադրական էր ճանաչել: