Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ, նախնական տվյալներով, հոկտեմբերի 7-ն է նշված:
«Ինչպես գիտեք` ամռանն օրենքի քվեարկությունից հետո ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է ներկայացներ պատգամավորների առաջարկությունները: Եղան պատգամավորներ, որոնք գտնում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն մենք աշխատանք տարանք և հասանք նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր ստորին պալատում և ներառում էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Քաղաքական ուժերն ընդունեցին, որ այդ տարբերակը ևս ներկայացվի Սենատի քննարկմանը»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Նա հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:
«Մենք աշխատում ենք, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ կողմ քվեարկեն նախագծին: Գիտեք, որ թուրքերն անտարբեր չեն, նրանք նույնպես աշխատում են, ամեն ինչ անում են, որ այդ տարբերակը չանցնի: Պայքար է ընթանում»,-ասաց նա:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե օրինագծի հետ կապված ինչ տրամադրություններ կան Սենատում, Մուրադ Փափազյանը նշեց, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հիշեցրեց, որ սոցիալիստները խոստացել են կողմ քվեարկել:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: