Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում նկարահանվել է հայկական առաջին սարսափ ֆիլմը' «Մեռյալ հովիտ»: Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, պրոդյուսերը' Հովհաննես Գրիգորյանը, սցենարը՝ Հարություն Ղուկասյանի, soundtrack-ը կատարում է «The Beautified Project»-ը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արմեն Սարգսյանը, Պապ Պողոսյանը, Մագդալենա Մնացականյանը, Աշոտ Պողոսյանը, Շողեր Խաչատրյանը: Ֆիլմի կոմպոզիտորն Արման Էլբերտն է, օպերատորը' Արտավազդ Խաչատրյանը:
Yerkir.am-ի զրուցակիցն է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը:
-Առաջինը լինելն առավելությո՞ւն էր ձեզ համար, թե միգուցե ավելի դժվար էր կոտրել շատ ու շատ քարացած կարծիքներ' ժանրի հետ կապված:
-Ես միշտ սիրել եմ համարձակ քայլեր անել, սակայն ի սզբանե մենք մեր առջև խնդիր չէինք դրել' լինել առաջինը: Հավատացեք' նկարահանման կեսից հասկացանք, որ սա հայկական առաջին սարսափ ֆիլմն է լինելու: Ժանրն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի, և ժանրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա դրսում: Որպես իրական պատմություն ներկայացնելու մի ձև' ժանրն ինձ էլ է հետաքրքրում: Սցենարիստ Հարություն Ղուկասյանի և պրոդյուսեր Հովհաննես Գրիգորյանի /«PointFilms»/ հետ միասին որոշում էինք' ինչ ֆիլմ նկարահանել, և որոշեցինք' օրիգինալ ինչ-որ բան անել, որը հետաքրքրություն կառաջացնի: Ֆիլմը նախատեսված էր դրսի հանդիսատեսի համար, սակայն հետո մտածեցինք, թե ինչո՞ւ հայ հանդիսատեսը չպետք է տեսնի ֆիլմը:
-Ժանրն ինքնին բարդ է, ու որպես մուտք' կինոյի ոլորտում, պատասխանատու գործ եք արել, որպես էքսպերիմենտալ ֆիլմ' բարդություններ չեղա՞ն:
-Այո, ժանրը շատ յուրահատուկ մոտեցում է պահանջում, դու պետք է այնպես ներկայացնես, որ դիտողը վայրկյան անգամ չփորձի կասկածել, որ դա կեղծիք է: Ժանրը թելադրում է նաև, որ դերասանները լինեն անհայտ, հանրությանը ոչ ծանոթ, որպեսզի հավաստիությունը «տեղ հասնի»: Նկարահանման աշխատանքները մոտ 15 օր տևեցին, նկարեցինք նաև տեսահոլովակ, որում կան նաև ֆիլմից հատվածներ:
-Սարսափ ֆիլմերում շեշտադրումը դնել վախ առաջացնելու վրա' պրիմիտիվ կլիներ, ֆիլմի ասելիքը հաստատ այլ բան է, այնպես չէ՞:
-Հա, իհարկե: Ֆիլմը երիտասարդության, ընկերության, տրանսֆորմացիայի մասին է, սիրո գիծ կա, թե սերն ինչի կարող է մղել: Առավել մեծ գաղափարներ դրված չեն ֆիլմում, քանի որ այն կոմերցիոն ֆիլմ է, և ավելի շատ ժամանցային ժանրի է: Գիտե՞ք' դրսում անգամ վախի սենյակներ կան, և մարդիկ գնում են, վճարում, որ իրենց վախեցնեն:
-Սարսափ ֆիլմերում վախն ու նողկանքը զուգահեռ են լինում, այդ զգուշությունը պահպանելու խնդի՞ր չկար:
-Այո, կար նման զգուշություն: Էսթետիկան ցանկացած արվեստագետի համար պետք է առաջնահերթ լինի: Մենք անում էինք ամեն ինչ, որ ժողովրդի մոտ նողկանք չառաջանա, կարող էինք բոլորին հայտնի հնարքներ անել, օրինակ` ամերիկյան ֆիլմերում շատ կան, չէ՞, տեսարաններ' մորթված մարդիկ, արյունոտ դիակներ, բայց մենք մեր առջև մարդկանց շատ վախեցնելու խնդիր չէինք դրել: Դրա համար էլ մենք մի քիչ նաև ժանրի կանոններից դուրս եկանք' փորձելով հետաքրքիր ձևով ներկայացնել ավելի շատ ֆիլմի սյուժեն, քան վախ առաջացնել:
-Այն, որ սարսափ ֆիլմերը բացակայում են հայկական կինոլորտում, լավ օրից չէ», պահանջարկ չկա՞, թե՞ պատասխանատու ժանր է:
-Ոչ թե ռիսկային գործոնն է այստեղ իրենն արել, այլ ժանրային առանձնահատկությունից է գալիս: Պետք է նշեմ, որ նախկին սովետական երկրներն իրենց մենթալիտետով հեռացած են այս ժանրից: Օրինակ` եթե Ամերիկայում կան հատուկ կինոթատրոններ, որոնք ամբողջովին սարսափ ֆիլմեր են ցուցադրում, այստեղ անգամ պրակատով շատ չեն վերցնում-նայում սարսափ ֆիլմեր: Այսինքն' այդ կուլտուրան ձևավորված չէ, մարդիկ դրա մեջ կա'մ վատ բան են տեսնում, կա'մ էլ առանց դրա էլ այնքան սարսափելի է մեր իրականությունը, որ մարդիկ ձգտում են թեթև ժանրի ֆիլմեր նայել: Հայաստանում շատ քիչ է հետաքրքրությունը ժանրի նկատմամբ, բայց կան հետաքրքրվողներ:
-Ֆիլմի հետագա ճակատագիրն ի՞նչ է լինելու:
-Ֆիլմի հետ կապված' արդեն պայմանավորվածություն կա ռուսական երկու խոշոր ֆիլմարտադրող ընկերությունների հետ, կան սարսափ ֆիլմերի փառատոներ, այնտեղ կներկայացվի, տարբեր կինոշուկաներում:
Կարինե Հարությունյան