կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 17:05
Հասարակություն

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն կարող է մահաբեր հիվանդությունների պատճառ դառնալ

«Առողջ սունկ» ՍՊԸ-ն կարող է մահաբեր հիվանդությունների պատճառ դառնալ

Կառավարության առջև տարբեր խնդիրներով իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին միացել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի բնակիչները, ովքեր պնդում են, որ մոտ 8 ամիս է`  ապրում են գարշահոտության մեջ, օդ արտանետվող վնասակար նյութերի պայմաններում:


Խնդիրն այն է, որ Նուռնուսի հարևանությամբ գտնվող Բյուրեղավանում է գործում «Առողջ սունկ» անվանումը կրող ՍՊԸ-ի արտադրամասը, որը դարձել է Նուռնուսի, Արզնիի ու Բյուրեղավանի բնակիչների համար իսկական պատուհաս: Արտադրամասը անթույլատրելի մոտիկ է գործում բնակելի տներին, ինչի հետեւանքով մշտապես առկա է գարշահոտություն, օդ են արտանետվում վնասակար նյութեր, որոնք ժամանակի ընթացքում բնակիչների մոտ կարող են տարբեր, անգամ` մահաբեր հիվանդություններ առաջացնել, օրինակ` թոքի քաղցկեղ:

 

Բնակիչները պահանջում են մաքուր օդ, իրենց խնդրով արդեն դիմել են մարզպետարանին, իսկ կառավարության ներկայացուցիչը, ծանոթանալով խնդրին, խոստացել է, որ կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու այդ խնդիրը:

 

Ծտի արտաթորանքի ու ազոտական միացությունների համակցությամբ վնասակար նյութերը օդ են արտանետվում ոչ աշխատանքային ժամերին` 18:00-ից հետո:


«Բոլորս հիվանդ ենք դարձել այդ օդից, ստիպված ենք վաճառել մեր տները և գնալ այդտեղից»,- ասում է Գագիկ Հովակիմյանը:Նրա խոսքով` բնակիչների բողոքի մասին ընկերությունը, բնականաբար, տեղյակ է, սակայն ընկերության տնօրինությունը հորդորել է բնակիչներին սպասել, համբերել, որովհետև իրենք չեն կարող կանգնեցնել արտադրությունը: Ասել են նաև, որ եթե անգամ ֆիլտրներ տեղադրեն, ապա այդ դեպքում էլ վնասակար նյութերը քիչ չափով, սակայն կրկին օդ են արտանետվելու, և գարշահոտությունը լինելու է: