Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով` բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններն են: Դրանք պահանջում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, դրանց բեռի, հիվանդացության և մահացության նվազեցմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համակարգված և համապարփակ գործողություններ: Այս առումով առանցքային է բնակչության իրազեկվածությունը հանրային առողջապահության առկա վտանգների և դրանց կանխարգելման հնարավորությունների մասին։ Ռիսկի գործոնների բացասական ազդեցության և դրանց նվազեցման, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկացվածությունը կարող է նպաստել սեփական առողջության նկատմամբ անձի պատասխանատվության բարձրացմանը։
Այսօր մեր երկրում շարունակում է առողջապահական լուրջ խնդիր մնալ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված բարձր հիվանդացությունը և այդ հիվանդություններից մահացությունը։ Հայաստանում հասուն տարիքի տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխախոտ օգտագործող է։
Ծխելը վտանգավոր կախվածություն է, ինչը շատերը լրջորեն չեն գիտակցում
Այդ չարիքից ազատվելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ծխելն բացասական մեծ ներգործություն է ունենում մարդու օրգանիզմի վրա և մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանում։ Նշենք դրանցից մի քանիսը։
1. Շնչառական համակարգ
Ծխախոտի երկարատև օգտագործումն առաջացնում է վերին շնչուղիների լորձաթաղանթի գրգռում և բորբոքում, որի պատճառով առաջանում է հազ, խորխարտադրություն, մի շարք քրոնիկ հիվանդություններ: Ծխախոտի ծուխը շնչառական ուղիների հիվանդություններ առաջացնում է ոչ միայն ծխողների, այլր նրանց շրջապատող մաևդկանց մոտ, որոնք համարվում են պասիվ ծխողներ:
2. Սրտանոթային համակարգ
Յուրաքանչյուր ծխախոտից հետո ավելանում են արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումները, հաճախանում է սրտի զարկերի թիվը, առաջանում է ծայրամասային անոթների նեղացում:
Ծխախոտի ծխի մեջ պարունակվող ածխածնի օքսիդը կապվում է հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով թթվածնային քաղց: Ծխելը հանգեցնում է արյան մեջ խոլեստիրինի մակարդակի, պլազմայում՝ հագեցած ճարպերի մակարդակների բարձրացմանը: Այս ամենը կարող է հանգեցնել ծայրամասային անոթների աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հանկարծամահության:
3. Օնկոլոգիական հիվանդություններ
Ծխախոտի ծուխը պարունակում է երեք խմբի քաղցկեղածին նյութեր (հոտավետ պոլիցիկլային ածխաջրածիններ, նիտրոզամիններ, ռադիոակտիվ տարրեր): Ծխախոտի օգտագործումը բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, շնչափողի, բրոնխների և թոքերի չարորակ գոյացությունների առաջացման հիմնական պատճառն է համարվում: Ծխելու և ալկոհոլի օգտագործման/չարաշահման համադրությունը մեծացնում է կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բացի այդ, ապացուցված է ծխախոտի օգտագործման և միզապարկի քաղցկեղի առաջացման միջև կապը:
4. Այլ կլինիկական հետևանքներ
Ծխելը բացասաբար է ազդում արտաքին տեսքի վրա: Ծուխը և դրանում պարունակվող քիմիկատները կարող են նպաստել քրոնիկ շլության, մաշկի չորության կամ գրգռվածության առաջացմանը:
Ծխելը նաև վնաս է հասցնում կոլագեն և էլաստինին նյութերին, որոնք կարևոր են մաշկի առձգականության պահպանման համար: Ծխախոտ օգտագործող հղին իրեն ենթարկում է հնարավոր վիժման, մեռելածնության կամ ցածր քաշով երեխա ունենալու մեծ ռիսկի: