Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիզվառելիքի գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատական նիստին մեղադրող կողմը՝ դատախազը, հանդես եկավ մեղադրական ճառով, ապա միջնորդեց Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Պաշտպանական կողմն այսօր ճառով հանդես չեկավ, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք՝ պաշտոնաթող նախագահին մեղադրանք էր առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար եղադրանք առաջադրել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ըստ ՀՔԾ-ի՝ 2013 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը, ըստ քննչական մարմնի, տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ, և «անտեսելով այդ հանգամանքը, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակաների միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակությունը, մասնավորապես` հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:
Հայաստանի երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում»: