Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիստի ընթացքում հետազոտվում էին ապացույցները։ Ունեինք միջնորդություն ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, մասնավորապես՝ դա վերաբերում էր քրեական վարույթով տուժող ճանաչված անձի կողմից ներկայացված այն փաստաթղթերին, որոնց ներկայացվել են որպես screenshot, սակայն վարույթին անհայտ է այն հեռախոսը, որից կարող էր ստացվել այդ փաստաթղթերը։ Այլ կերպ ասած՝ մենք չունենք վարույթով ապացույց չանաչված փաստաթղթերի ձեռքբերման աղբյուրը, անհայտ է այն, իսկ դա ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի ուժով՝ հիմք է տալիս արձանագրելու, որ դրանք պետք է ճանաչել անթույլատրելի ապացույց և օգտագործման ոչ ենթական։ Այս մասին դատարանի բակում նշել է Սուրեն Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Մելքոնյանը։
Նա տեղեկացրել է, որ դատարանը այս միջնորդության լուծումը հետաձգել է՝ այլ անհրաժեշտ ապացույցների հետազոտման պատճառաբանությամբ։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 26-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հավելենք, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։