կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 11:35
Տարածաշրջան

Սա էլ մեր 1915-ն է. սիրիացի փախստականները՝ Թուրքիայում

Սա էլ մեր 1915-ն է. սիրիացի փախստականները՝ Թուրքիայում

«Ակօս»-ը ներկայացրել է սիրիացի փախստականների կյանքը Թուրքիայում, ովքեր պատերազմից փախչելուց հետո փորձում են գոյատևել՝ հաստատվելով հայկական նախկին բնակավայրերում:

 

Թերթը գրում է. «Այնթապ քաղաքի հայկական հին բնակավայրերից մեկը համարվող Շահինբեյ շրջանի Թեփեբաշը թաղամասն այժմ սիրիացի փախստականների ապաստանած վայրերից մեկն է: Նրանք փորձում են ապրել Քուրթուլուշ մզկիթի՝ նախկինում Մարիամ Աստվածածնի տաճարի փլատակներում:

 

Մի ժամանակ մեծահարուստ հայերի ապրած տներում այժմ սիրիացիներ են բնակվում՝ դռներն ու պատուհանները գորգերով ծածկելով:

 

Պատերազմի սկսվելուց հետո Թուրքիայում ապաստանած Սելամ ընտանիքը նրանցից մեկն է: Վախից, որ կարող են իրենց ճանաչել, խուսափում են լուսանկարվել՝ թույլ տալով միայն իրենց երեք երեխաներին: Երկու մեծ երեխաները տանը չեն, աշխատում են:

 

Այս ընտանիքն անտեղյակ չէ հայերի պատմությանը: Սելամ ընտանիքի հայրը՝ Հոսամը, պատմում է. «Երբ նրանք մեր հողերը եկան, մեր ներկայիս վիճակում էին: Հիմա էլ մենք ոչինչ չունենք: Պատերազմն ամեն ինչ խլեց-տարավ, ինչպես որ 100 տարի առաջ հայերից: Սա էլ մեր 1915-ն է»:

 

Սիրիացի ընտանիքի ամենամեծ վախն այն է, որ իրենց նկատմամբ կիրառված բռնությունը չվերածվի ջարդերի: «Մեր միակ ցանկությունն այն է, որ մինչև մեր երկրում պատերազմն ավարտվի, մնանք Թուրքիայում»,- ասում է Հոսամը: Իսկ տան մայրը՝ Շերիֆեն, կոչ է անում իր ժողովրդին` ասելով. «Մեզ անարգում են, խտրականություն դնում: Բայց մենք ենք զոհը: Մեր միակ ցանկությունը կյանքից կառչելն է»: