Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` օգոստոսի 14-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ պետք է կայանար մեծ աղմուկ բարձրացրած առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով առաջին դատական նիստը: Սակայն նիստը հետաձգվել է և նշանակվել սեպտեմբերի 26-ին, քանի որ դատարանը գործով երկու մեղադրյալների` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուի և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլի համար չի կարողացել ապահովել պատշաճ թարգմանիչներ:
Նշենք, որ այս գործով փոխվել է վրացի մեղադրյալի պաշտպանը: Գուրգեն Մադոյանի փոխարեն այսուհետ նրա շահերը կներկայացնի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանը: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չի տեսակցել իր պաշտպանյալին, քանի որ դեռևս դատարանը չի հաստատել իր` գործում ներգրավվելու հարցը:
Ի դեպ` Ավթանդիլ Մարտիաշվիլի շահերը դատարանում ներկայացնելու համար ներգրավվել է նաև վրացի պաշտպան, ով, ամենայն հավանականությամբ հաջորդ դատական նիստին կներկայանա դատարան:
Հիշեցնենք, որ թմրանյութը հայտնաբերվել էր Իրանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման ժամանակ` հատուկ հարմարեցված թաքստոցում, և ըստ ԱԱԾ-ի հրապարակած տվյալների` հերոինի քաշը 927 կգ էր: Սակայն նախաքննությանն ընթացքում` թմրանյութը փորձաքննության ենթարկելուց հետո, պարզվել էր, որ թմրանյութի մաքուր քաշն իրականում 850 կգ է, իսկ մնացած 77 կգ-ը խառնուրդ է:
Օսման Ուղուրլուին եւ Ավթանդիլ Մարտիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն) եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը):
Ըստ մեղադրանքի` Օսման Ուղուրլուն 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա ,այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը,ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: 2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև այդ տախտակը Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք:Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին,որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ,160գ,467 մգ քաշով <> տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում: 2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք,սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
Ավթանդիլ Մարտիաշվիլին նույնպես մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք է բերելու, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահելու,փոխադրելու և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար: