կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 12:00
Իրավական

Հերոինի աղմկահարույց գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել

Հերոինի աղմկահարույց գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ինչպես հաղորդում է pastinfo.am-ը, առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Օսման Ուղուրլուն  2013թ. սկզբներին պայմանավորվածություն  է ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիներ՝ եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ  Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա,  այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ: 

 

«Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք»  բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

 

2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե այդ տախտակը  Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:

 

Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության,  Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին»  տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

 

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան»  սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

 

Ըստ մեղադրական եզրակացության,  Ավթանդիլ Մարտիաշվիլին Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

 

Թուրքիայի 40-ամյա քաղաքացի, նախկինում դատված  Օսման Ուղուրլուին և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա  Ավթանդիլ Մարտիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  215-րդ հոդվածի  2-րդ մասով՝ թմրամիջոցների մաքսանենգություն և  266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,- գրում է կայքը: