կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 15:45
Իրավական

Վրաստանին չի՞ հետաքրքրում հերոինի գործով Հայաստանում դատապարտված իր քաղաքացու ճակատագիրը

Վրաստանին չի՞ հետաքրքրում հերոինի գործով Հայաստանում դատապարտված  իր քաղաքացու ճակատագիրը

Հայ-իրանական սահմանին հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված` 63-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլիի վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն առաջիկա օրերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դիմելու նպատակով հայաստանյան իր գործընկերոջը կուղարկի բողոքարկման դիմումը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մայսուրաձեն: Նա իր բողոքում պահանջել է բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն ու իր պաշտպանյալին արդարացնել:

 

«Եթե այս վճիռն օրինական ուժի մեջ մտնի, Մարտիաշվիլիի դեպքը նախադեպ կդառնա և վաղը մի ուրիշ անմեղ մարդու կդատեն»,-ասաց նա և հավելեց, որ ինքն ու իր պաշտպանը դեռևս հավատում են հայաստանյան արդարադատությանը:

 

Պաշտպանի խոսքով` ինչպես Մարտիաշվիլիի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար անսպասել էր այդ որոշումը: Հիշեցնենք, որ վճռի հրապարակումից հետո 63-ամյա վրացին անգամ լաց էր լինում: Ի դեպ, Մարտիաշվիլիի հարցով Մայսուրաձեն դիմել է նաև Վրաստանի գլխավոր դատախազությանը, որտեղից ընդամենը պատասխանել են, որ համագործակցում են հայկական կողմի հետ: «Վրաստանին վերջին հաշվով չի հետաքրքրում իր քաղաքացու ճակատագիրը»,- ասաց փաստաբանը:

 

Ի դեպ, եթե հայաստանյան բոլոր ատյաններում Մարտիաշվիլին պարտվի, վրացի պաշտպանը մտադիր է դիմել Եվրադատարան:

 

Հիշեցնենք, որ Աֆթանդիլ Մարտիաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով): Նույն հոդվածներով 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել նրա «հանցակիցը»` «Հովո Լոջիստիք» ընկերության տնօրեն, Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օսման Ուղուրլուն:

 

Նշենք, որ երկու մեղադրյալները թե\' նախաքննության և թե\' դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Թուրքիայի քաղաքացու պնդմամբ` հերոինի գործարքի հետևում կանգնած են թուրք նարկոբարոններ Մուստաֆա և Իսմայիլ Նարգիզները, որոնց նկատմամբ, չնայած աղաղակող փաստերին, ըստ պաշտպանների` մինչ օրս անգամ միջազգային հետախուզում չի հայտարարվել: