կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 14:46
Իրավական

Ինչո՞ւ էր լաց լինում հերոինի գործով դատապարտված` 61-ամյա վրացին, ի՞նչ են անելու մեծաքանակ թմրանյութի հետ

Ինչո՞ւ էր լաց լինում հերոինի գործով դատապարտված` 61-ամյա վրացին, ի՞նչ են անելու մեծաքանակ թմրանյութի հետ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` նախորդ տարեսկզբին հայ-իրանական սահմանին հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված` 63-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլիի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանն ու վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն կդիմեն ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի դատավճիռը:

 

Աֆթանդիլ Մարտիաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով): Նույն հոդվածներով 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել նրա «հանցակիցը»` «Հովո Լոջիստիք» ընկերության տնօրեն, Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օսման Ուղուրլուն: Դեռևս հայտնի չէ` նա կներկայացնի՞ վերաքննիչ բողոք, թե՞ ոչ, քանի որ նրա և հանրային պաշտպան Վահե Մարգարյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և դեռևս պարզ չէ` նրան նոր պաշտպան կտրամադրվի՞, թե՞ ոչ:

 

Հիշեցնենք, որ երկու մեղադրյալները թե\' նախաքննության և թե\' դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Թուրքիայի քաղաքացու պնդմամբ` հերոինի գործարքի հետևում կանգնած են թուրք նարկոբարոններ Մուստաֆա և Իսմայիլ Նարգիզները: Օսման Ուղուրլուն իր վերջին խոսքում ուշագրավ հայտարարություն է արել, որի մասին մինչ այդ երբևէ չի բարձրաձայնել: Նա նշել է, որ հերոինի գործարքի մասին տեղյակ են եղել թե\' Թուրքիայի, թե\' Հայաստանի իշխանությունները:

 

Եթե Ուղուրլուն դատաքննության ընթացքում պատվիրատուների մասին խոսել և նրանց մասին տեղեկություններ է հրապարակել, ապա Ավթանդիլ Մարտիաշվիլին նշել է, որ ինքն ընդամենը վարորդ է եղել, ոչ մեկին չի ճանաչել, բեռնախցում թաքցված հերոինի մասին չի իմացել: Ի դեպ, դատավճռի հրապարակումից հետո 61-ամյա տղամարդը լաց էր լինում:

 

«Որ մի անմեղ մարդուն էլ 17 տարի տան, բա լաց կլինի, ինչ կանի: Լավ ա, որ գոնե ինֆարկտ չխփեց»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարտիաշվիլիի պաշտպան Հրաչ Հակոբյանը:

 

Մարտիաշվիլիի անմեղության մասին է բարձրաձայնում նաև Ուղուրլուի նախկին պաշտպան Վահե Մարգարյանը, որի համոզմամբ` վրացու մեղավորության վերաբերյալ գործում որևէ ապացույց չկար: Ըստ նրա` նման դատավճիռը կապված էր գործի հնչեղության հետ: «Ինձ համար շատ ծանր էր, որ անմեղ մարդը դատապարտվում է 17 տարվա ազատազրկման: Հետո՞ ինչ, որ ԱԱԾ-ն էր գործը քննել: Հերոինի քանակը չէր կարող պատճառ հանդիսանալ, որ էդ մարդկանց կործանեին»,- ասաց նա:

 

Նշենք, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված հերոինն օրենքով նախատեսված կարգով կոչնչացվի միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտից հետո: