Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում ընթանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է այս ստուգատեսին նախապատրաստվող հունահռոմենական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորեկ, 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն, Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող, ծննդով էջմիածինցիՄիհրան Հարությունյանի հետ: Զրույցը ծավալվեց վերջերս Բուխարեստում անցկացված «Իոն Կորնեանուի և Սիմոն Լադիսլաուի» հուշամրցաշարում Միհրանի մրցելույթի, առաջիկա ծրագրերի ու աշխարհի առաջնությունից ակնկալիքների շուրջ:
-Միհրան, ի՞նչ կասես, ստուգատեսի մասնակիցների կազմի մասին:
-Ծանրակշիռ ու հզոր կազմ հավաքող այս մրցաշարում պատահական մասնակիցներ հանդես չեն գալիս: Այս անգամ էլ ըմբիշների մեծ մասը օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ էին, որոնք ներկայացնում էին ըմբշամարտի հարուստ ավանդույթներ ունեցող 22 երկրներ: Նման մրցակիցների հետ հանդիպումներն աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, մանավանդ ինձ համար, որ ոչ իմ մեղքով բաց եմ թողել նախապատրաստության որոշակի հատված (Ռուսաստանից Հայաստանի ֆեդերացիա տեղափոխության հարցը ձգձգվում էր) շատ օգտակար էր փորձառության և սեփական հնարավորությունները ճշգրիտ գնահատելու ու իհարկե նաև թերությունների և բացթողումերի ի հայտ բերելու առումով: Այն լիովին ծառայեց իր նպատակին:
-Ի՞նչ կասես քո մրցելույթի մասին:
-Ռումինիայի մրցաշարն ինձ համար ավարտվեց կիսաեզրափակչի գոտերմարտով: Մասնագիտական ոչ այնքան օբյեկտիվ մրցավարության պատճառով մենամարտի ելքը վճռվեց ոչ իմ օգտին: 9:8 հաշվով հաղթանակը շնորհվեց Ռուսաստանի ներկայացուցչին, ով մտավ եզրափակիչ, հետո էլ նվաճեց գլխավոր մրցանակը: Մրցամարտի ստեղծարար կողմը գնահատում եմ շատ բարձր: Սակայն կան նաև որոշ ասպեկտներ, ամենից առաջ մարտավարման տակտիկական պատկերի առումով, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել: Այս պահին աշխարհի առաջնության նախապատրաստության տեսանկյունից իմ մարզավիճակը դեռ օպտիմալ չէ, սակայն վատ էլ չէ: Պիտի աշխատենք, ձգտենք ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ արձանագրենք:
-Քանի՞ մասնակից էր Բուխարեստում հանդես գալիս 66 կգ քաշային կարգում և ու՞մ հետ մենամարտեցիր:
-Այս մրցաշարում 66 կգ քաշային կարգում 12 մասաակից կար: Ես 1/8-րդ եզրափակչում հանդիպեցի 2013 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հնդիկ ըմբիշ Սանդիփ Յադանի հետ, ում կարողացա պարտության մատնել համոզիչ առավելությամբ՝ 10:0 հաշվով: Քառորդ եզրափակչում էլ բավական հետաքրքիր մրցակից էր բաժին հասել՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Թուքիայի պատվիրակ 28-ամյա փորձառու ըմբիշ Ատական Յաքսելն, որի նկատմամբ առավելության հասա 6:2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում մրցակիցս այս տարվա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ադամ Կուրակն էր, որին, ինչպես արդեն վերևում նշեցի, ոչ այնքան օբյեկտիվ մրցավարության պատճառով զիջեցի 8:9 հաշվով:
-Քո այս անհաջողությունում ազդեցություն ունեցա՞վ այն հանգամանքը, որ 1 շաբաթվա ընդմիջումով մասնակցեցիր 2-րդ անընդմեջ բարձրակարգ մրցաշարին:
-Մեկ շաբաթվա ընթացքում իմ երկրորդ նման կարգի, բարձր կենտրոնացում պահանջող ելույթն էր (առաջինը հունական Օլիմպիայում էր, որտեղ Միհրանը կարողացել էր հաղթել աշխարհի գործող չեմպիոն կորեացի ըմբիշին և հռչակվել չեմպիոն): Իհարկե, դա որոշ չափով իր ներգործությունն ունեցավ ու կնիքը թողեց իմ ելույթների վրա: Թռիչքներ, տեղափոխություններ, կլիմայի փոփոխություն: Սակայն աշխարհի առաջնության նախապատրաստության պլանային փուլ էր, և այն շատ օգտակար էր իմ ու թիմի համար: Չմոռանանք նաև, որ վերականգնումը նախապատրաստության անբաժանելի մասերից է:
-Բուխարեստում, ի վերջո, ո՞ր տեղ գրավեցիր:
-5-րդ, քանի որ 3-րդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեցի:
-Որո՞նք են մոտակա ծրագրերդ:
-Շատ կարճ վերականգնողական ժամանակաշրջան, որից հետո 2 ուսումնամարզական հավաք հավաքականի կազմում Բելառուսում և Հայաստանում: Հիմա ամբողջովին կենտրոնացած եմ աշխարհի առաջնության մրցումների վրա:
-Ի՞նչ կուզեիր ավելացնել:
-Սպորտում բարձրագույն նվաճումների տանող ճանապարհին մարունքներ չկան, յուրաքանչյուր դետալ կարևոր է: Իմ այս եվրոպական մրցաշրջագայության ժամանակ ես իմ թիմի հետ մարտի կառուցման առումով որոշ տակտիկական փորձակումներ կատարեցի, քաշային ճշգրտումներ, նաև նախապատրաստության ադապտացիոն դետալների առումով: Իմ մարտավարման ոճը ստեղծարար, կառուցողական է և այն համալրված է բազում տեխնիկական գործողություններով: Այսպիսով ես ձգտում եմ հասնել նրան, որ մեր ըմշամարտը դառնա էլ ավելի վառ ու դիտարժան, որ դրանք դիտելու գան ավելի մեծ թվով երկրպագուներ: Մյուս երկրների ըմբիշները մեծ մասամբ ապավինում են մարտերի վարման զգուշավոր, պաշտպանողական մարտավարության մոդելներին, որով իմ կարծիքով ըմբշամարտից վանում են դրանով զբաղվող մեծ թվով պատանիների: Ես միշտ հարձակողական, ստեղծարար ոճի մարտավարման կողմնակից եմ եղել, ու հիմա էլ ապավինում եմ այդ ոճին: