կարևոր
3421 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-29 11:16
Սպորտ

Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում, որի գլխավոր պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. Ջուլֆալակյան

Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում, որի գլխավոր պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. Ջուլֆալակյան

«Հայկական սպորտում, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար»,- նշել է ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՔՊ խմբակցության նախկին պատգամավո Արսեն Ջուլֆալակյանը։ Նա դիմել է լրագրողական համայնքին։

«Ֆրանկոֆոնյան խաղեր 2027

Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար:

Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն:

2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը:

Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։

Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է:

Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը

  • աթլետիկա,
  • պարաաթլետիկա,
  • բրեյքդանս,
  • ծանրամարտ,
  • բասկետբոլ 3×3,
  • սայլակով բասկետբոլ
  • ֆուտբոլ,
  • շախմատ,ձյուդո,
  • սեղանի թենիս

Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա:

Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:

Նաև փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել…

Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:

Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում:

Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը:

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը:

Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ…

Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ…

Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍ-ի վրա:

Հասցեատերը վերոնշյալ քպ-ականն է»։