կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-29 13:34
Տարածաշրջան

Թուրքերը մեծ մորս աչքերի առաջ սպանել են հորեղբորս և կախել ծառից. թուրքական Taraf-ը հրապարակեց 50 հայ ընտանիքի պատմությունները

Թուրքերը մեծ մորս աչքերի առաջ սպանել են հորեղբորս և կախել ծառից. թուրքական Taraf-ը հրապարակեց 50 հայ ընտանիքի պատմությունները

Ինչպես արդեն նշել էինք, երեկ թուրքական Taraf պարբերականը հայտնել էր, որ այսօրվա համարում կհրապարակի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից փրկված 50 հայ ընտանիքի պատմությունները:

 

Ըստ Taraf-ի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի «Armedia» լրատվամիջոցն ու «Եվրոպայի ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «100 տարի… իրական պատմություններ. ինձ փրկողը թուրք է» անունով մի ծրագիր է պատրաստել: Այս ծրագրի շրջանակներում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների իրական պատմությունները կհավաքվեն մեկ գրքում: Այդ պատմությունները առաջինը կհրապարակվեն Taraf-ում:

 

Ծրագրի շրջանակներում կարողացել են կապ հաստատել Ցեղասպանությունից փրկված 50 հայ ընտանիքի հետ: Նրանց պատմությունների առանձնահատկությունն այն է, որ պատմության գլխավոր «հերոսները» 

Ցեղասպանությունից ուղղակիորեն փրկվել են թուրքերի ձեռքով, կամ` նրանց օգնությամբ: 50 ընտանիքների հետ արված հարցազրույցները հոկտեմբեր ամսին կհրապարակվեն Հայաստանում, Թուրքիայում և Անգլիայում, նրանց պատմությունները կհրապարակվել հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով, ինչպես նաև տեղի կունենա ցուցահանդես: Taraf-ը հրապատակել է ականատեսների ներկայացրած լուսանկարներով հարուստ գրքում տեղ գտած պատմություններից մի քանիսը…

 

«Հարևաններն էին օգնում»

 

Անահիտ Պարտիզպանյանի պատմությունը:  

Երբ ես ծնվեցի, մեծ հայրս ողջ չէր: Դժբախտաբար չկարողացա լսել իր հիշողությունները: Ես միայն կարողացա ճանաչել իմ մեծ մորը` Արշալույս Քանքանյանին: Միշտ պատմում էր Արևմտյան Հայաստանի, իրենց բարեկեցիկ կյանքի ու շքեղ տան մասին, որտեղից ստիպված արտագաղթել են:


 

Գաղթի ժամանակ մեծ մայրս եղել է 14, իսկ մեծ հայրս` 20 տարեկան, երկուսն էլ վանեցի: Մեծ մայրս 

շատ գեղեցիկ պատմություններ էր պատմում իրենց կյանքի մասին: Ինչքան որ ես հասկացա` բարեկեցիկ կյանք, նույնիսկ տան մեջ սպասուհի և մեծ ունեցվածք են ունեցել, սակայն աքսորի ժամանակ շատ քիչ բան են կարողացել փրկել:

 

Մեծ մայրս պատմում էր, թե ինչպես էր իրենց հարստությունները թաքցնում պատերի մեջ և միշտ հույսով էր, որ աքսորվածները մի օր ետ կվերադառնան: Նա ասում էր, որ իրենց թուրք հարևաններն են փրկել, եթե նրանք չլինեին, գուցե իրենք ևս ողջ չէին մնա: Աքսորի ժամանակ մի խումբ հայերի հետ գերի են ընկել: Բոլոր հայերին հավաքել են մի տեղ և կողպել դուռը: Զարմանալիորեն թուրքերը նրանց օգնության ձեռք են մեկնել: Այս թուրքերը, տեսել են գերի ընկած հայերի ճակատագիրը և ոչ միայն մեծ մորս, այլ այդ ամբողջ խմբին օգնել են փախչել գերությունից:

 

Մեծ մայրս ասում էր, որ թուրք հարևանների հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել: Իրար կողք են ապրել և իրար նկատմամբ եղել ջերմ: Նա պատմում էր, որ աքսորի ենթարկված խմբի մեջ է եղել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մայրը…

 

Մեծ մորս տանը աշխատող թուրք սպասուհիները շատ հավատարիմ են եղել: Երբ իմացել են հայերի նկատմամբ ցեղասպանության իրագործման մասին, այդ մասին հայտնել են, որպեսզի վերջիններս կարողանան փախչել: Սակայն, ամեն ինչին զուգընթաց, մեծ մայրս ևս սարսափելի հուշեր ուներ: Նրանց աչքի առաջ հղի կանանց սրի տակով էին անցկացնում, գլխատում տղամարդկանց, երիտասարդ աղջիկներին բռնաբարում: Պատմում էր այն մասին, երբ երիտասարդ աղջիկները իրենք իրենց գցում էին գետը, որպեսզի չհանձնվեն թշնամուն: Այդ ժամանակ 13-14 տարեկան աղջիկներ ամուսնանում էին, մեծ մայրս էլ 14 տարեկանում է ամուսնացել: Մեծ հորս հետ եկել և հաստատվել են Երևանում: Իրենց հետ բերած քիչ գումարով հիմնել են իրենց աշխատանքը: Ունեցել են 3 որդի:

 

Ծննդավայրի հանդեպ կարոտը միշտ զգացնել էր տալիս: Մեծ մայրս շատ էր սիրում թոռներին Արևմտյան Հայաստանի մասին պատմել: Չնայած դրան, որ 14 տարեկանում աքսորվել էր այնտեղից, սակայն մինչև կյանքի վերջ խոսել է այդ հողերի մասին: Նրա պատմություններով ես զգացի Վանա լճի կարմրուկի համը, լսեցի Վանի օդի ու ջրի ձայնը: Երևանում հանգիստ կյանքը չէր արգելում նրան հիշել հարկադրաբար թողած իր տունը: Նա ասում էր` մեծ ընտանիք ուներ, սակայն տեղյալ չէ, թե բարեկամների հետ ինչ պատահեց: «Մի օր ճանապարհը բացվի, գնամ տունս գտնեմ»,-անընդհատ ասում էր նա: Սակայն այդ ժամանակ այս մասին մտածելն անգամ անհնար էր: Նա շատ խելացի կին էր, միշտ կարդում էր: 85 տարեկանում մահացավ, սակայն այդ տարիքում նույնիսկ առանց ակնոցի էր կարդում:

 

Մինչև օրս փորձում ենք մեր բարեկամներին գտնել: Տեխնոլոգիայի զարգացմամբ ավելի հնարավոր դարձավ նրանց գտնելու մեր հնարավորությունները: Մեր ազգանունը յուրահատուկ է` Պարտիզպանյան: Գիտենք, որ այս ազգանունը կրողները Արևմտյան Հայաստանից են: Մեր ազգանունով շատերը մեզ հետ կապ են հաստատում, փորձում ենք գտնել` արդյո՞ք բարեկամներ ենք:

 

«Բարեկամիս տունը երկար մնալը շատ վտանգավոր էր»

Իզաբելա Չըփլաքյանի պատմությունը

 

 Լուսանկարի փոքրիկ աղջիկը ես եմ, իմ կողքին` մեծ հայրս և մեծ մայրս: Մեծ հորս հետ հուշերը դեռ թարմ են: Շատ լավ եմ հիշում, երիտասարդ  տարիների մասին չէր սիրում խոսել: Մեծ հորս համար իր կյանքի  ամենացավալի հիշողությունները այդ ժամանակահատվածի դեպքերն էին: Այդ հիշողությունների մասին ցեղասպանության  ականատես եղած մեծ մորիցս լսեցինք: Ի տարբերություն մեծ հորս`  Ցեղասպանության մասին խոսելու ուժը նա իր մեջ գտնում էր:

 

Մեծ հայրս 1900 թվականին ծնվել է Յոզգաթում, ուներ եղբայր և մեկ քույր:  Եղբայրները, հայրն ու մայրը, ցեղասպանության ժամանակ դաժանորեն  սպանվեցին, իսկ վերջինս փրկվել է թուրք ընկերոջ միջոցով: Նա որոշ  ժամանակ ապաստանել է ընկերոջ տանը, սակայն այն բանի համար, որ  ընկերոջ ընտանիքի համար ևս վտանգավոր կարող է լինել, երկար չի  մնացել: Որոշ ժամանակ անց նա փախել է Հայաստանի Արարատ շրջանի Երասխ գյուղը: Մեծ հորս քույրը ևս Ցեղասպանությունից փրկվածներից է, սակայն նրա պատմությունը մանրամասնորեն չգիտեմ, միայն լսեցինք, որ Բեյրութ է հասել, այն էլ` տարիներ անց: Այդ ժամանակ մեծ հայրս էլ, իր քույրն էլ տարեց էին: Դժբախտաբար բախտ չվիճակվեց միմյանց տեսնել:

 

Մեր իսկական ազգանունը Բալջըյան է: Հայաստանի ճանապարհին` մեծ հորս ազգանունն են հարցրել: Նայելով կիսամերկ մարմնին` մեծ հայրս ասել է,-«չըփլաք (խմբ.`մերկ) եմ, Չըփլաքյան գրեք» և այդ ազգանունով էլ եկել է Հայաստան:

 

 

«Մայրս ասում էր` թուրքերի միջոցով ընտանիքի տեր դարձա»

Էլիզաբեթ Քաթըրջյանի պատմությունը:

Իմ ընտանիքին և’ վնաս պատճառողները, և’ Ցեղասպանությունից փրկողները թուրքերն են եղել:

 

Հայրս` Խաչիկ Քաթըրջյանը Ջերեխ գյուղից էր, մի որբ, ում ծնողները կոտորվել էին Ցեղասպանության ժամանակ: Քրոջը` Էլիզաբեթին, ում անունը ես եմ կրում, փախցրել էին: Հայրս խնամել է քեռուս, իսկ նրա քրոջը` հորեղբայրը: Հորս մտքում մանկությունից մնացած խորը հետքեր կային: Ցանկանում էր ապրել` առանց որևէ բանի տեր լինելու:

 

Երբ մենք արդեն մեծ էինք, մեզ անընդհատ ասում էր,-«Աղջիկս, ոչինչ պետք չէ: Քնելու համար մի ներքնակը բավարար է , որովհետև թուրքերն են գալու…նորից կփախչենք»:

 

Հետագայում իմացանք, որ նախկինում հարուստ ընտանիք են եղել:

 

Երբ ինչ-որ բան պետք է պատրաստվեր տանը, ասում էր,-«Աղջիկս, մեր տանը նման բաները սպասուհիներն էին անում»: Պատմում էր իրենց մեծ տան մասին և մենք զարմանում էինք: Երբ խոսք էր գնում անցյալից, հայրս ասում էր`«Ա~խ այդ թուրքերը», իսկ մայրս պատասխանում էր` «Թուրքերի միջոցով ընտանիքի տեր դարձանք»: 

 

Մորս ընտանիքը Քասքալից էր: Նրանց քասքալցի էին անվանում: Մեծ մորս անունը Սաթենիկ էր, իսկ մեծ հորս անունը` Հարություն: Իրենց ապրած թաղամասը Դոդոզներ էին անվանում, այդ իսկ պատճառով իրենց ազգանունը ժամանակի ընթաքում դարձավ Դոդոզյան: Մայրս` Հայկանուշը, 1914 թվականին է ծնվել: Ցեղասպանության ժամանակ գյուղից գյուղ են աքսորվել: Աքսորված գյուղերից մեկում գյուղի իմամի 16-ամյա որդին է դանակարվել: Մեծ հորս անունն են տվել, իբր` նա է դանակահարել: Երբ գյուղացիները եկել են մեծ հորս ամբողջ ընտանիքին կոտորելու, գյուղի մեծահարուստներից համարվող, մեծ հորս թուրք հարևանը միջամտել և ասել է,-«Հարությունն այդ ժամանակ այստեղ էր» և նրանք կյանքը փրկել են:

 

Աքսորից հետո նրանք հայտնվել են Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մեծ հայրս պատմում էր, որ աքսորի ժամանակ ճանապարհն այնքան դժվար էր, որ մտածել են մորս մի ծառի տակ թողնել և այդպես շարունակել, սակայն որոշել են մինչև վերջ միասին շարունակել: Մայրս` Սաթենիկը, սովորել է Սալոնիկի սպրոցում, 1932 թվականին էլ ընտանիքով տեղափոխվել Հայաստան:

 

Մայրս միշտ հիշում էր, որ թուրք հարևանն է իրեն մեծացրել: Իսկ հայրս գաղթել է սկզբում Հունաստան, հետո` Աթենք ու ապա` Հայաստան: Հայրս և մայրս Հայաստանում են ծանոթացել:

 


«Փրկել են հորաքրոջս ընտանիքին և տարել Հայաստանի սահման»

Համեստուհի Քենդիքյանի պատմությունը

Ծնողներս ապրում էին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: Կոտորածի առաջին ալիքի ժամանակ, 1896 թվականին մեծ մորս աչքերի առաջ սպանել են Գևորգ հորեղբորս և կախել ծառից: Այդ դեպքից հետո նա ունեցել էր հոգեկան լուրջ խանգարումներ և երկար ժամանակ բուժում ստացել և մինչև մահ ստիպված եղել առնչվել նման հարցերի հետ: Այնուհետև տարել են մեծ հորս, երկու հորեղբայրներիս և նրանց բոլոր բարեկամներին: Այդ ժամանակ միայն մնացել է տարիքով փոքր հայրս` Գևորգը, ով ծնվել է 1904 թվականին և կրել սպանված եղբոր անունը: Մեծ մայրս պատմում էր, որ Ցեղասպանությունից հետո բոլոր արաբկիրցիները տեղափոխվեցին Հալեպ, այնուհետև` Բեյրութ:

 

Հայրս պատմում էր իր թուրք ընկերների մասին, ովքեր օգնում էին իրենց նեղ օրերի ժամանակ: Շատ լավ հիշում եմ նրա ընկերներից մեկին` Մուսթաթեւիքին: Ասում էի` «Սա ի՞նչ անուն է», հայրս պատասխանում էր` «թուրքի անուն է»:

 

Տիգրանուհի հորաքրոջս ամուսինը` Սարգիս Սուրյանը պատմում էր, որ տեղահանության ժամանակ նա զբաղվում էր երկաթագործությամբ` ձիու նալ պատրաստելով: Ցեղասպանությունից հետո 1924 թվականին իրենց նույնպես վերադարձել են Արաբկիր, այնուհետև արտագաղթել Հայաստան:

 

Նրանց թուրքերն են օգնել փախչել: Հորաքրոջս ամուսինը հիշում էր, թե ինչպես իրենց թուրք ընկերները օգնում էին իրենց` ոսկեղենը լցնելով իրենց գրպանը, գորգերն ու ամբողջ ունեցվածքները իրենց ջորիներին կապելով` տանում մինչև Արևմտյան Հայաստանի սահմանը: Թուրքերը ասում էին` «Ոսկեղենը մեր վրա թող լինի: Հարձակման ժամանակ ձեզ կարող են կողոպտել, իսկ մեզ մոտ ավելի ապահով է»: Ահա այսպես են թուրքերը իրենց ճանապարհել մինչև սահման, հանձնել ոսկեղենն ու Հայաստան ուղարկել: Երևանում, կինոտան շենքի մոտակայքում մեծ տուն են գնել և ամբողջ գերդաստանով ապրել այնտեղ: Սեղան 14 անձով են նստել:

 

Հորաքրոջս ամուսինը իրենց օգնող թուրքերին միշտ երախտագիտությամբ էր հիշում: Ասում էր` «Մեզ տեր էին կանգնում, թույլ չէին տալիս, որ մեր նկատմամբ ոտնձգություն լինի: Սակայն նրանց հետ մեկտեղ կային սպանողներ, կողոպտողներ, դաժան և անսիրտ մարդիկ»:

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի