կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 14:50
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանության մասին թուրքական Taraf-ի հրապարակած պատմությունները

Հայոց ցեղասպանության մասին թուրքական Taraf-ի հրապարակած պատմությունները

Արդեն հայտնել ենք, որ թուրքական Taraf պարբերականը Հայոց ցեղասպանության մասին նոր փաստեր է հրապարակել:

 

Ստորև ներկայացնում ենք Taraf-ի հրապարակած պատմություններից երկուսը:

 

Ուրֆացի Մկրտիչ Բաղսարյանի դուստրը՝ Էլմասը (ապաստարան եկած ժամանակ 30 տարեկան էր): Երբ ամուսինը թուրքական բանակում զինվոր էր, երեխաների և մոր հետ աքսորվեց: Սիվերեք հասնելուց հետո, չկարողանալով բոլոր երեխաներին գրկել, նրանցից մեկին թողել էր ճանապարհին: Այնուհետև ուժասպառ եղած մայրը ստիպված էր եղել երկրորդ երեխային նույնպես թողնել ճանապարհին: Աքսորի ընթացքում իր հետ ամուսնանալ ցանկացող մի քուրդ Էլմասին տարել էր գյուղ: Հասնելով գյուղ՝ ապաստանելու պահանջով Էլմասը դիմել էր պետությանը, սակայն գյուղի պատասխանատուն նրան տարել էր իր տուն: Հասկանալով, որ գյուղացու նպատակը ևս նույնն է, ճարահատ Էլմասը ստիպված էր եղել ամուսնանալ նրա հետ: Ամուսնությունից մի քանի օր անց նոր ամուսինը Էլմասի վերջին երեխային նետել էր գետ: Էլմասը ստիպված էր եղել 7 տարի մնալ սեփական երեխային սպանողի հետ, որից հետո չէր դիմացել և փախել մեկ ուրիշի հետ: Հարուստ մի թուրքի տանը 6 տարի որպես սպասուհի ծառայելուց հետո Հալեպից` ամուսնուց լուր էր ստացել: Սահմանն անցնելու փորձ էր արել Էլմասը, սակայն զինվորները նրան բռնել և Մարտին էին ուղարկել: Մարտինում նա երկու տարի ծառայել էր գյուղատնտեսության տնօրենին, որից հետո մի հայ քահանայի օգնությամբ փախել և հասել էր Հալեպի ապաստարան և հաջորդ օրը ամուսնու հետ լքել այն:

 

Աննա Սարգիսյան: Աքսորի ժամանակ տղամարդկանց հավաքում էին, որպեսզի սպանեն: Տարան նաև Աննայի եղբորը, սակայն նա փախել և ապաստանել էր Հարպուտի գյուղերից մեկում, որից հետո Աննան, մայրն ու հորաքույրը գնացին նրա մոտ: Մի քանի օր անց մի թուրք Աննային ասել էր, որ իր հետ ամուսնանալու դեպքում թույլ կա, որ մայրն ու եղբայրը մնան իր հետ: Մերժելու դեպքում եղբորը կհանձներ պետությանը: Աննան վախից ամուսնացավ: Թուրքը հավատարիմ մնաց իր խոստմանն ու մինչև վերջ Աննայի եղբորը պահեց, այնուհետև Դերսիմ ուղարկեց: Նա ապրեց այդ թուրքի հետ և մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա: Անգամ նրան համոզեց քրիստոնյա դառնալ և իր հետ լքել Թուրքիան: Այդպես էլ եղավ, նրանք գնացին Սիրիա: Ապաստարանի օգնությամբ Աննան գտավ Բեյրութում բնակվող իր մորը: Ամուսինն իր հետ գնաց Բեյրութ, սակայն միայն թուրքերենին տիրապետելու պատճառով նա չկարողացավ աշխատանք գտնել և վերադարձավ Թուրքիա, իսկ Աննան մնաց Սիրիայում՝ մոր հետ: