կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 17:15
Հասարակություն

Մորս ապուպապին ու հորը, ինչպես նաև 8 երեխաներից 4-ին, կախել են եկեղեցում

Մորս ապուպապին ու հորը, ինչպես նաև 8 երեխաներից 4-ին, կախել են եկեղեցում

Անուշավան Տեր-Վարդանյանի պատմությունը

1909 թ., Իգդիր

Լաուրա Սանթրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր մայրիկի պապիկի՝ Անուշավան Տեր-Վարդանյանի պատմությունը, ում պապն ու հայրն Իգդիրում քահանա են եղել: 1915 թվականին Անուշավանի պապիկին ու հորը, ինչպես նաև 8 երեխաներից 4-ին կախել են եկեղեցում:

 

«Մայրիկիս պապիկի պապիկը և հայրը եղել են քահանաներ Իգդիրում: 1915 թվականին պապիկին ու հորը ինչպես նաև 8 երեխաներից 4-ին կախել են եկեղեցում: Մայրիկիս պապիկը եղել է 6 տարեկան երեխա, նա ուտելիք է տարել եկեղեցի, երբ տեսել է  իր հարազատներին կախված: Վազելով փախել է տուն, բայց այնտեղ ոչ ոքի չի գտել: Երկար որոնումներց հետո գտել է քույրերից մեկին: Ճանապարհը շատ մեծ փորձություններով են հաղթահարել: Նա պատմում էր, թե ինչպես են փախել մարդկանց դիակների վրայով, թաքնվել թուրք մարդասպաններից և ականատեսը եղել բազում ոճրագործությունների, որոնք իրականացրել են թուրքերը:

 

Այդ ամենից հետո հայտնվել են որբանոցում, որտեղից նրանց բերել են Երևան՝ քաղցած ու տանջված: Մի օր նա դուրս է եկել հաց որոնելու իր և քրոջ համար, երկար որոնումներից հետո հանկարծ տեսել է մի կնոջ՝ հացը ձեռքին: Քաղցից գլուխը կորցրած վազել ու հափշտակել է կնոջ հացը, երբ կինը հետ է շրջվել, տեսել է, որ այդ քաղցած փոքրիկը իր տղան է: Ամբողջ կյանքում նա կրկնում էր. «Ես գողացել եմ մայրիկիս հացը»: Նրա կապույտ աչքերում մշտապես տխրություն ու կարոտ կար, մեր հող ու ջրի կարոտը»: