կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 16:21
Հասարակություն

Թուրքերը հորս ու հորեղբորս կապել էին թթենուց ու սպանել

Թուրքերը հորս ու հորեղբորս կապել էին թթենուց ու սպանել

Գրիգոր Հոգիկյանի պատմությունը

1909 թ., Հոռոմտիկին գյուղ

Արշալույս Հոգիկյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր սկեսրայրի պատմությունը: Նա 6 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորն ու հորեղբորը, իսկ իրեն մի թուրք տարել է իր տուն՝ որպես ծառա: Սոված ու տանջալից օրերից հետո Գրիգորն ու ընկերը փախել են՝ արդյունքում հայտնվելով մանկատանը:

 

«Այս պատմությունը լսել եմ սկեսրայրիցս: Մի օր, երբ ես գրի էի առնում տվյալ օրվա տպավորություններս, իմ սենյակ մտավ սկեսրայրս և խնդրեց գրի առնել իր կյանքի պատմությունը. «Ես ծնվել եմ Հոռոմտիկին գյուղում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում, 1909 թվականին: Հայրս հայտնի կավագործ էր: Երկու ավագ եղբայր ունեի: Մայրս մահացել էր, երբ դեռ ծնվելուս 40 օրը չէր էլ լրացել: Ինձ խնամում էր հորեղբորս կինը, իսկ ես նրան «մայր» էի անվանում: Իմ բոլոր հիշողությունները՝ լավ, թե վատ, կապված են հորեղբորս ընտանիքի հետ: Նա երեք դուստր ուներ: Մենք ամբողջ օրը խաղում էինք: Ես այնպիսի տպավորություն ունեի, որ մենք մի ընտանիք ենք: Մի առավոտ ես նկատեցի, որ հայրս և հորեղբայրս չափազանց ահնագիստ էին: Նրանք խոսում էին ինչ-որ կոտորածի մասին, սակայն շշուկով, և ես մի կերպ որոշ բառեր լսեցի: Շատ դեպքերում ես չէի էլ հասկանա այդ բառերի սարսափելի նշանակությունը, որովհետև ընդամենը 6 տարեկան էի: Երեկոյան հայրս տարավ մեզ հորեղբորս տուն և թաքցրեց մեզ տան հետնամասում գտնվող ամբարում:

 

1915-ի ապրիլի 24-ն էր: Կեսգիշերին տունը լցվեց թուրքերեն խոսող անծանոթ մարդկանցով: Նրանք սարսափելի ձայներ էին հանում, ոչնչացնում և ավիրում էին տանն ամեն ինչ. բոլորովին պատահաբար նրանք գտան մեր ապաստանը: Մենք և մայրիկը դուրս եկանք… 5 անմեղ երեխա… Տեսածս առաջին սարսափելի տեսարանն այն ժամանակ էր, երբ նրանք մեզ դուրս հանեցին: Մեր տան դիմաց մի հսկա թթենի կար: Թուրքերը կապել էին հորս ու հորեղբորս այդ ծառից ու սպանել իրենց սրերով: Ահասարսուռ տեսարան էր: Մայրս մի պահ քարացել էր: Նա չգիտեր՝ ինչ անել, շփոթված էր, փակում էր մեր աչքերը, սակայն… Մեր մարմիններով զգում էինք մտրակների հասցրած սարսափելի ցավը… նրանք ստիպում էին մեզ քայլել:

 

Մենք հասանք սարսափած ամբոխով մի փողոց. կանայք, երեխաներ, տարեց մարդիկ… բոլորին ստիպում էին քայլել հայկական եկեղեցու ուղղությամբ, որը գյուղի վերջում էր՝ բլրի վրա: Ես մտածում էի՝ մենք եկեղեցի ենք գնում՝ խնդրելու Աստծուն՝ վերջ տալու այդ քաոսին… միայն մեծերն էին գիտակցում թուրքերի սարսափելի ծրագրերը: Հանկարծ մայրս նկատեց, որ ավագ եղբայրս մեզ հետ չէ: Նա անհույս մի քանի անգամ կանչեց նրան. «Որտե՞ղ ես, Առաքել»… սակայն անպատասխան, հնար չկար անգամ փնտրելու նրան: Եկեղեցին լիքն էր մարդկանցով՝ անմեղ երեխաներով, անհույս ու վախեցած մայրերով, իրենց վերջին րոպեներն ապրող տարեցներով: Շնչելու օդ չկար…ծուխը խեղդում էր մարդկանց: Մի քանի րոպեից մի քանի հարուստ թուրքեր մտան եկեղեցի և սկսեցին խոսել թուրք զինվորների հետ: Մենք ճանաչեցինք նրանց: Նրանցից մեկը նկատեց մայրիկիս: Նա մի քանի մետաղադրամ տվեց զինվորներին և հանեց մեզ եկեղեցուց:

 

Նրանք մեզ ուղեկցեցին հետ գյուղ: Հետդարձի ճանապարհին ես հետ նայեցի և տեսա, որ եկեղեցին այրվում էր: Կրակը հասնում էր երկինք՝ բողոքելով Աստծուն այդ անմեղ մարդկանց ճակատագրերից, անարդարությունից, լռությունից և անփութությունից: Երբ մենք հասանք գյուղ, թուրքերն ազատեցին մորս և քույրերիս, իսկ ինձ իրենց հետ տարան: Շատ տխուր էի: Այդ պահից ես այլևս երբեք նրանց մասին չեմ լսել… երբեք:

 

Իմ հիշողություններում նա հոգատար և սիրալիր մայրս էր: Ես չեմ հիշում նրան, անգամ անունը չեմ հիշում: Նա մայրական սիրո և հոգատարության մարմնավորումն է: Ես ծառա էի մի թուրքի տանը. գրեթե 6-ամյա գունատ ու խղճուկ երեխա: Ես արթնանում էի վաղ առավոտյան և անում տնային ցանկացած աշխատանք, ինչ նրանք կհրամայեին: Թուրք երեխաների հետ օրվա ընթացքում ինձ տանում էին արոտավայրեր կենդանիներին արածացնելու: Այնտեղ մի խելացի և բարի տղա կար, որն ինձնից 2 տարով մեծ էր, և ես հետագայում պարզեցի, որ նա էլ էր հայ: Նա միակ ընկերս էր. ես նրա հետ էի կիսում մի կտոր հացն ու պանիրը, որը տալիս էին ինձ: Մյուս տղաները միշտ միասին էին, նրանք ծաղրում էին մեզ և բամբասում մեր մասին: Ես տուն էի վերադառնում ուշ գիշերով, մի կերպ ինչ-որ բան էի ուտում և քնում: Ես ուտում էի նրանց սննդի մնացորդները, իմ ափսեն ու բաժակն առանձին էի. ինձ չէր թույլատրվում օգտագործել իրենց սպասքը: Երբ տան տերը բարկանում էր իր կնոջ կամ երեխաների վրա, ես միակն էի, ում վրա նա թափում էր իր ամբողջ զայրույթը:

 

Երբ հյուրեր էին ունենում, ինչը բավականին հաճախ էր լինում, ես պետք է սպասեի, մինչև հյուրերը գնային, ապա միայն կարող էի ուտել, եթե նրանք որևէ բան թողած լինեին: Կային օրեր, երբ ես քաղցած էի պառկում և ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Վերջին օրերին, երբ մենք կենդանիներին տանում էինք արոտավայրեր, թուրք տղաները առանձնացան և սկսեցին մեր դեմ ինչ-որ բաներ ծրագրել: Արոտավայրերի ճանապարհին մի մեծ ծառ կար: Տղաները բարձրանում էին այդ ծառն ու մեզ վրա նետում ծանր ու քարանման մրգերը: Այդ օրը ընկերս հետս չէր: Ես վախեցած էի: Ես զգում էի, որ ինչ-որ վատ բան պիտի տեղի ունենար: Արոտավայրերի ճանապարհին թուրք տղաները ակնհայտորեն ինչ-որ բան էին ծրագրել իմ դեմ և արեցին դա: Նրանք բարձրացան այդ մեծ ծառի վրա, հավաքեցին մրգերն ու թաքցրին իրենց գրպաններում: Ոչինչ տեղի չունեցավ, մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Երբ մենք տեղ հասանք, նրանք սովորականի պես սկսեցին խաղալ: Սակայն այդ օրը տղաներից մեկը մոտեցավ իմ կովերին և ինչ-որ բան դրեց նրանց պոչերի տակ, կովերը գազազեցին և սկսեցինք փախչել, ես էլ սկսեցի վազել նրանց հետևից. ես լալիս էի, որովհետև վախենում էի, որ նրանցից որևէ մեկը կկորչի: Այդ ժամանակ տղաները դաժանաբար ծիծաղում էին վրաս: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր: Երբ մթնեց, մենք վերադառնում էինք տուն: Արոտավայրը բավականին հեռու էր գյուղից: Մենք հազիվ թե ճանապարհի կեսն անցած լինեինք, երբ մարմնիս ու գլխիս վրա զգացի քարանման մրգերի ծանրությունը: Չեմ հիշում՝ որքան էր այդ ամենը տևում: Ես կորցրի հավասարակշռությունս ու ընկա, վնասեցի գլուխս ու մարմինս, ամբողջությամբ արյան մեջ էի: Սա ամենն է, ինչ հիշում եմ:

 

Երբ ես բացեցի աչքերս (ավելի լավ էր՝ չբացեի), շուրջս մութ էր, ոչ մի կենդանի արարած, անգամ ձայն… ոչինչ: Ես անգամ ի վիճակի չէի լացել: Ես փորձեցի հավաքել ուժերս և վեր կենալ, բայց չկարողացա: Փորձեցի թուրքերեն օգնություն կանչել: Շուրջս ամեն ինչ լուռ էր. հանկարծ ես զգացի, որ ինձ ինչ-որ մեկը վեր է բարձրացնում գետնից: Թուրք հովիվ էր: Նա դրեց ինձ ձիու վրա և տարավ գյուղ: Այդ սարսափելի գիշերը չկարողացա քնել: Ծարավ էի, ջրով լի շշերն ինձնից մի փոքր հեռավորության վրա էին, զգուշորեն սողացի դեպի դրանք, սակայն չափազանց թույլ էի, և շիշն ընկավ ձեռքիցս և ջարդվեց: Ես վախեցա… դուռը բացվեց և տան տերը ներս մտավ: Նա գազանի պես հարձակվեց վրաս և սկսեց ծեծել ինձ: Չեմ հիշում՝ քանի օր անց եմ բացել աչքերս և տեսել մի կնոջ և տղամարդու՝ կողքիս կանգնած: Ծեր տղամարդն ինձ հաց ու ջուր էր տալիս:

Հետո եմ միայն հասկացել, որ ես թույլ տվեցի տղաներին իրականացնել իրենց ծրագիրը, որովհետև միայնակ էի: Երբ ընկերս իմացավ այդ մասին, նա այլևս ինձ միայնակ չէր թողնում: Թուրք տղաները վախենում էին նրանից: Մի օր իմացա, որ նրանք պատրաստվում էին 2 օրով այցելել իրենց բարեկամներին հարևան գյուղում, և ես պետք է տանը միայնակ մնայի: Լավ լուր էր, և շտապում էի այդ մասին ասել ընկերոջս: Երբ նրանք հավաքում էին իրերը, ինձ հաջողվեց կանչել ընկերոջս և թաքցնել նրան սանդուղքի տակ: Նրանք փակեցին դուռն ու գնացին: Ես վազեցի և գրկեցի ընկերոջս: Մենք մենակ էինք, իսկ դա մեզ համար ազատություն էր: Աշուն էր, մարդիկ շատ մթերք էին հավաքում ձմռան համար: Ես մսի կտորներ գտա և սկսեցի ախորժակով ուտել մսի մեծ կտորները հացի մեծ կտորներով: Հետո մենք գտանք ալյուրով լի պարկեր և սկսեցինք միմյանց վրա ալյուր թափելով խաղալ: Բայց մեր ուրախությունը երկար չտևեց: Երբ մենք քնած էինք, տան տերը գիշերը տուն վերադարձավ: Մենք դեռ ամբոջությամբ ալյուրի մեջ կորած էինք: Առավոտյան նա նստեցրեց մեզ ավանակի վրա և տարավ գյուղի կենտրոն: Նա կոչ էր անում բոլորին մեզ վրա քարեր նետել, որովհետև մենք «գողեր» էինք: Նրանք ծաղրում էին մեզ, անում այն, ինչ ասում էր տղամարդը: Բայց մեզ մեկ էր, մեր ստամոքսները լի էին, և դա արժեր այդ տառապանքները: Սակայն ես սխալվում էի, այդ մարդը մեզ դուրս վռնդեց: Գնալու տեղ չունեինք: Այդ պատճառով մենք գնացինք անտառ, որտեղ մեզ պես շատ երեխաներ կային: Ցերեկը մենք ուրախ էինք, խաղում էինք երեխաների հետ: Երբ մթնեց, ընկերս մոտեցավ ինձ և շշնջաց ականջիս. «Ես հայ եմ, գիտեմ՝ դու էլ ես հայ»: Մենք գրկեցինք իրար ու սկսեցինք լացել: Անտառի երեխաները չափազանց նիհար էին, սակայն նրանց փորերը նման էին ջրով լի փուչիկների: Իսկ մենք կուշտ էինք և մի քանի օր սով չենք զգացել: Երբ սովածացանք, ընկերս հարցրեց երեխաներին՝ որտեղից են նրանք ուտելիք գտնում: Նրանցից մեկը ցույց տվեց խոտը: Մենք մտածեցինք՝ նա կատակում է, սակայն հետո տեսանք՝ ինչպես են երեխաները խոտ հավաքում և ուտում: Մենք նայեցինք իրար, և ընկերս ասաց. «Մենք դա երբեք չենք անի: Խոտը կենդանիների համար է…»:

 

Մենք ի վիճակի էինք զսպել մեր քաղցը մինչև երեկո… ընկերս առաջինը փորձեց խոտը: Մի քանի օրից ես ու ընկերս այլ երեխաների պես էինք: Մեր փորերն ուռել էին, մենք անտանելի ստամոքսի ցավ ունեինք և նիհարել էինք: Մի օր ես անօգնական գետնին ընկա, մաշկս գունատ էր և դեղին, չէի կարողանում ուտել: Ընկերս սկսեց անհանգստանալ, նա չէր կարող օգնել ինձ: Մթնում էր, իսկ ես ի վիճակի չէի բացել աչքերս. անզոր պառկած էի: Հանկարծ մենք մարդկային ձայներ լսեցինք անտառի տարբեր մասերից և նկատեցինք, որ մի խումբ մարդիկ են դեպի մեզ գալիս: Մենք քարացանք, չէինք կարող շարժվել, իսկ մարդկանց խումբը մեզ էր մոտենում: Նրանք հավաքեցին բոլոր երեխաներին, դրեցին ավանակների և ձիերի վրա և ինչ-որ տեղ ուղևորեցին: Այդ ինչ-որ տեղը որբանոցն էր:

 

Երեխաներից ոմանք մահացել էին, փրկվածներին զննում էին բժիշկները… օրեցօր մենք ուշքի էինք գալիս: Նրանք մեզ փոքր կտորներով հաց էին տալիս, իսկ չափաբաժինները հետզհետե մեծացնում էին: Ընկերոջս ավելի մեծ երեխաների հետ մի խմբում տեղավորեցին, բայց նա օրական մի քանի անգամ այցելում էր մեզ: Այնուամենայնիվ, թուրքական որբանոցը նույնպես լավ տեղ չէր: Նրանք շատ կոպիտ էին վարվում մեզ հետ. ծեծում էին մեզ, նորմալ սնունդ չէին տալիս:

 

Փառք Աստծո՜, մեզ դեռ ուրախ օրեր էին սպասվում: Մի պայծառ օր մի քանի անծանթ մարդիկ, որոնք խոսում էին տարօրինակ լեզվով եկան, և մենք նրանց հետ արտասահման գնացինք: Մենք չգիտեինք նրանց, բայց նրանք բարի արտաքին ունեին, գրկում էին փոքր երեխաներին, հոգ էին տանում և համբուրում նրանց: Երբ մենք հասանք նախատեսված նպատակակետին, նրանք օգնեցին մեզ լոգանք ընդունել, հագուստ տվեցին և մի շինության մեջ տեղավորեցին մեզ: Հունաստանում էր, մենք էլ հունական մանկատանն էինք, մեզ փրկած մարդիկ հույներն էին: Պատմության ընթացքում նրանք հայերի պես նույն ճակատագրին էին արժանացել. դա էր պատճառը, որ նրանք հասկանում էին մեր ցավն ու տառապանքները: Ես մանկատանն ապրեցի 12 տարի: Շատ հայ ընկերներ ունեի, ուսուցիչները շատ բարի էին մեզ հետ, մենք էլ նրանց «մայր» էինք կոչում: Ես երախտապարտ եմ հույն ժողովրդին իր օգնության և բարեհոգի վերաբերմունքի համար:

 

Երբ դարձա 18 տարեկան, առողջ և աշխույժ երիտասարդ էի: Ես և որոշ ընկերներս որոշեցինք աշխատանք գտնել, գումար խնայել և հիմնել մեր գործը: Մենք հրաժեշտ տվեցինք մանկատանը և ոտք դրեցինք նոր կյանք: Գումար աշխատելու համար ընկերներիս հետ մեկնեցինք Չիրփիսյա գյուղը, որտեղ աշխատեցինք ծխախոտի դաշտերում, վարած համեստ կյանքի շնորհիվ կարողացանք գումար հավաքել: Որոշ ժամանակ անց ես և ընկերս վերադարձանք Սալոնիկ, որտեղ ես սրճարան գնեցի և դարձա խոհարար: Ես ուտելիք էի պատրաստում բանվորների համար: Ամեն ինչ հիասքանչ էր: Երեկոյան մենք հավաքվում էինք սրճարանում և ազգային-հայրենասիրական երգեր երգում: Բոլորս դաստիարակվել էինք հայրենասիրական ոգով և սիրում էինք մեր հայրենիքը, միայն հայերեն էինք խոսում: Հույները հիանալի մարդիկ են, Հունաստանը՝ հիանալի երկիր, բայց մենք դեռ կարոտում էինք մեր Հայաստանը:

 

Հայերի հայրենադարձությունը սկսվել էր 1946-47 թվականներին: Ես շատ ուրախ էի. ամեն ինչ պատրաստ էր հայրենիք վերադառնալու համար: Ես արդեն ամուսնացած էի և երկու որդի ունեի՝ 3-ամյա Պարգևը և մեկ տարեկան Սարգիսը: 1947-ին ես վաճառեցի ամեն ինչ և ընտանիքիս հետ վերադարձա իմ երկիր: Դաժան ժամանակներ էին, հետպատերազմյան տարիներ, երկիրն աղքատ էր, սակայն մերն էր: Երևանում ծնվեցին մեր հաջորդ երկու որդիները:

 

Սա կյանքիս դաժան պատմությունն է ուրախ ավարտով: Այժմ, աղջիկս, երբ պատմեցի քեզ կյանքիս պատմությունը, ավելի լավ եմ զգում»:

 

1982-ին սկեսրայրս ծանր վիրահատություն էր տարել: Մի օր, երբ ես այցելում էի նրան, մտա նրա սենյակ և տեսա, որ բժիշկները շրջապատել էին նրան: Սարսափն աչքերում՝ տղամարդը գոռում էր. «Ինչու՞ եք ինձ այստեղ թողել: Թուրքերն այստեղ են, հենց այստեղ, վարագուրներից այն կողմ: Նրանց ձեռքերում սրեր կան, նրանք ուզում են սպանել ինձ և եղբայրներիս, ոչնչացնել հայ ազգը…»:

 

Արցունքները թափվում էին նրա այտերին: Իր կյանքի վերջին օրերին նա անտանելի ցավ էր զգում իր ազգի ապրած անմարդկային տառապանքների համար»: