կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 15:18
Տարածաշրջան

Մեծ մորս փրկել են` թոնրում թաքցնելով. Ցեղասպանությունից թուրքերի օգնությամբ փրկվածների պատմությունները

Մեծ մորս փրկել են` թոնրում թաքցնելով. Ցեղասպանությունից թուրքերի օգնությամբ փրկվածների պատմությունները

Ներկայացնում ենք T24-ում պոլսահայ լրագրող Արիս Նալջըի հրապարակած՝ Հայոց ցեղասպանությունից թուրքերի օգնությամբ փրկված հայ ընտանիքների պատմություններից մի քանիսը.

 

 «Մեծ մորս փրկել են` թոնրում թաքցնելով

Պատմում է Անահիտ Հարությունյանը

 

Ես` Անահիտ Հարությունյանս, ծնվել եմ աքսորի ենթարկված ընտանիքում: Հորս ընտանիքը Վանի Շատակ գյուղից է, իսկ մորս ընտանիքը` մորական կողմից` Վանի Գևաշից, պապական կողմից էլ` Բիթլիսից:

 

Ձեզ պատմելու եմ մորս մոր` Ռեհանի պատմությունը: Մանուկի դուստր Ռեհան Մարությանը շատ գեղեցիկ է եղել: Ծնվել է 1900-ականների սկզբին, երբևէ չի հաճախել դպրոց, սակայն շատ խելացի է եղել: Գևաշում հայերը թուրքերի, քրդերի և եզդիների հետ խաղաղ, երջանիկ, ցավեր կիսելով են ապրել: Լինելով Օսմանյան կայսրության քաղաքացի` ստիպված են եղել ամեն ամիս հարկ վճարել: Ժամանակի ընթացքում հարկ հավաքելու մեթոդը փոխվել է` սկսել են բռնի կերպով հավաքել, ինչից ամենաշատը տուժել են քրիստոնյաները: Հարկահավաքներն առանց պատճառի եկել են գյուղ և խլել հայերի գեղեցիկ զավակներին, ոսկեղենը, գորգերն ու թանկարժեք իրերը: Քրիստոնյաները վախեցել են նրանց դեմ դուրս գալ:

 

Մի օր, երբ հարկահավաքները եկել են, մորս մոր հայրն ու մայրը նրան և մյուս երեխաներին ուղարկել են թուրք հարևանի տուն: Երեխաների դեմքերին մուր են քսել, մազերը խառնել եւ նրանց թաքցրել թոնրի մեջ: Տան ծերունին փակել է թոնիրը, գորգը փռել, ապա սեղան դրել` իբր ճաշում են: Թուրք հարևանի երեխաները, կարծելով, թե խաղ են անում, սկսել են լաց լինել` ասելով` մեր դեմքերին էլ ածուխ քսեք, մեզ էլ թոնրի մեջ փակեք: Բարեբախտաբար, զինվորները ոչինչ չեն հասկացել:

 

Մեծ մորս, ըստ հայկական ավանդույթի, բեշիքյարթմա են արել և նշանածին ուղարկել թուրքական բանակ` որպես զինվոր: Մի օր բոթ է եկել, թե նրան և գյուղի` մյուս` զինվոր գնացած հայ երեխաներին կոտորել են: Լսելով այդ մասին` հայերը զգացել են, որ մեծ վտանգի մեջ են: Հայ ընտանիքների մեծ մասը որոշել է գյուղը լքել: Հայերի ընտանիքները շատ մեծ և բազմամարդ են եղել, սակայն նրանցից քչերն են կարողացել փախչել: Ռեհանն էլ փախչողների թվում էր:

 

 

Աննկարագրելի ցավ և հուսահատություն է ապրել

Պատմում է Հարություն Բերբերյանը

 

Իմ անունը` Հարություն Բերբերյան, կրել է նաեւ մորս մեծ հայրը: Մեծ հոր պատմությունը շատ ողբերգական և նույնքան հուզիչ է: Նրանց արմատները Վանից են, սակայն հետագայում նրանք տեղափոխվել են Անկարային կից մի գյուղաքաղաք: Չգիտեմ` ինչու են իրենց ազգանունը փոխել` դառնալով Բերբերյան, սակայն նախկինում եղել են Տեր-Գաբրիելյան: Հարություն պապիկի հորեղբայրը մի ժամանակ Ստամբուլում եղել է սափրիչ, գուցե հենց այդտեղից էլ գալիս է Բերբերյան ազգանունը: Բերբեր` սափրիչ:

 

Հարություն Բերբերյանը երիտասարդ տարիքում եկել է Ստամբուլ` ուսանելու: Շատ գրագետ է եղել, խոսել է մի քանի լեզուներով և մաթեմատիկա շատ լավ է իմացել: Հայաստան գաղթելուց հետո աշխատել է դպրուցում, հայտնի և հարգարժան մարդ է եղել:

 

Դպրոցական տարիներին, այսինքն` Ցեղասպանության ժամանակ, մի թուրք կոտորածի մասին զգուշացրել է Հարություն պապիկին: Մի կերպ զինակոչվելով` Հարություն պապը փախել և շտապ մեկնել է Յոզգաթ` մորն ու հորը զգուշացնելու: Իհարկե, եթե չլիներ թուրքերի օգնությունը` նա Ստամբուլից չէր կարողանա ողջ-առողջ դուրս գալ: Նրանք Հարություն պապի համար կեղծ փաստաթղթեր են պատրաստել: Տեսնելով գյուղի բնաջնջումը` Հարություն պապն աննկարագրելի ցավ և հուսահատություն է ապրել: Գյուղից ոչ ոք ողջ չի մնացել: Չիմանալով` ինչ անել` գնացել է հոր ընկերոջ` կողքի գյուղը` հուսալով ընտանիքին գտնել: Մտնելով գյուղ` ականատես է եղել մի սարսափելի տեսարանի` տներն` ավերված, փողոցները` դիակներով լի:

 

Կանանց դիակների կողքին տեսել է 12-14 տարեկան աղջկա, ով դեռ ողջ է եղել: Գրկելով աղջկան և չտեսնելով արյան ու վերքի ոչ մի հետք` մտածել է, որ աղջիկն ինքնասպան է եղել: Տանելով մոտակա ախոռը` նրան մածուն է տվել և հոգացել` մինչև թույնը դուրս գա ստամոքսից:

 

Երեխայի կյանքը փրկելուց հետո Հարություն պապը նրան իր մոտ է վերցրել և շարունակել հարազատներին փնտրել: Ճանապարհին նրան ասել են, որ եղբայրները Կարինում են (Էրզրում): Հարություն պապն ու փոքրիկ Մարիամը ճանապարհ են ընկել Կարին, սակայն` ապարդյուն… Միայն տարիներ անց` սկզբում` Նախիջևան, ապա Լիբանան փախչել կարողանալուց հետո Հարություն պապը կարողացել է գտնել եղբորը:

 

Հուսահատվելով ` Հարություն պապը աղջկա հետ անցել է սահմանն ու հասել Երևան, այնտեղից էլ` Վարդաշեն: Մի քանի տարի անց, երբ Մարիամը մեծացել է, Հարություն պապն ամուսնացել է նրա հետ և ունեցել հինգ դուստր: Երբ ես ծնվել եմ, Բերբերյան ազգանունը պահելու և շարունակելու նպատակով անունս` Հարություն իսկ ազգանունս Բերբերյան են դրել:

 

 

Մորս մեծ հայրը սիրել է թուրք աղջկա

Պատմում է Անժելա Խաչատրյանը

 

Մորս մեծ հայրը` Քամեր Վարդերեսյանը, կարնեցի էր: Աքսորից հետո նրա անունը Արմեն է դարձել:

 

Մինչ Ցեղասպանությունը նա Թուրքիայի բանակում զինվոր է եղել: Երեսունմեկ հոգուց բաղկացած ընտանիք է ունեցել, բոլորն ապրել են նույն բակում:

 

1914 թվականի կոտորածների ժամանակ տեղեկացել է ընտանիքի բոլոր անդամների սպանության մասին եւ, զինվորական համազգեստն անգամ չհանելով, փախչել:

 

Նա սիրել է մի թուրք աղջկա և, փախչելով, ապաստանել է նրա տանը: Աղջկա ընտանիքը, ենթադրելով, որ հայ լինելու համար կարող են սպանել, մինչև գիշերվա ուշ ժամերը նրան թաքցրել է բազմոցի տակ: Երբ մթնել է նրան օգնել են հասնել սահման` Ռուսաստան փախչելու համար:

 

Մորս մեծ հայրը, մոտ տասը տարի անց տեղեկանալով, որ բարեկամները, Թուրքիայից փախչելով, հաստատվել են Թիֆլիսում, մեկնել է Վրաստան:

 

Հորաքույրս պատմում էր, որ մեծ հայրս շատ էր սիրում թուրքական երաժշտությունն ու սահուն խոսում էր թուրքերեն: Արևմտյան Հայաստանը նրա հայրենիքն էր, ասում էր` եթե սահմանը բաց լիներ, ծնկաչոք կգնամ, տունս կտեսեմ:

 

 

Թուրք սպասուհիները փրկել են Զրվանդյանների կյանքը

Պատմում է աստղագուշակ Աննա Հախվերդյանը

 

Կպատմեմ մորս մեծ հոր, այսինքն` Զրվանդյանների ընտանիքի պատմությունը: Ապրել են Վանում և մեծ դեր ունեցել դրա ինքնապաշտպանության գործում: Մորս մեծ հայրը` Տիգրան Զրվանդյանը, ամուսնացել է Արշալուս Էրջյանի հետ: Զրվանդյանների ընտանիքը եղել է Վանի պատվարժան ընտանիքներից: Տիգրանի հայրը մեծահարուստ վաճառական, միաժամանակ` քաղաքապետի խորհրդական է եղել: Եվրոպայից ժամանած պատվիրակություններին նա է հյուրընկալել: Զրվանդյանները Վանի կենտրոնում ունեցել են եռահարկ առանձնատուն և նրանց սպասուհների թվում եղել են նաև թուրքեր:

 

Հենց այդ սպասուհիները կոտորածների մասին զգուշացրել են նրանց, թեեւ այդ ժամանակ արդեն սկսվել էր Վանի կոտորածների մրրիկը: Տիգրանը կնոջ` Արշալույսի և երեք զավակների հետ 1914 թվականին գաղթել է Արևելահայաստան: Քանի որ Տիգրանի մայրն ու հայրը տարեց են եղել, հրաժարվել են լքել Վանն ու մնացել են այնտեղ, նույնիսկ մասնակցել են Վանի ինքնապաշտպանությանն ու զոհվել այդ ժամանակ:

 

Տիգրանն ու նրա ընտանիքը գաղթի ժամանակ շատ զրկանքներ են կրել: Իրենց հետ ընդամենը վերցրել են ամենաանհրաժեշտ իրերն ու ոսկեղենը, որը վաճառելով էլ սկզբնական շրջանում կարողացել են գոյատևել: Գաղթի ճանապարհին կորցրել են իրենց երեխաներին: Մորս մեծ հայրը ծնվել է Տիգրանի և նրա ընտանիքի` Արևելահայաստանում հաստատվելուց չորս տարի անց:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի