կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 17:18
Տնտեսական

Անգլերեն լավ խոսք կա` no comment. Արսեն Ղազարյանը` օլիգարխիկ տնտեսության մեջ ներդրումներ անելու մասին

Անգլերեն լավ խոսք կա` no comment. Արսեն Ղազարյանը` օլիգարխիկ տնտեսության մեջ ներդրումներ անելու մասին

Այսօր լրագրողները Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին հարցրեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում արդյունաբերողներին սպասվող խնդիրների մասին: Արսեն Ղազարյանը նախ նշեց, որ իրեն առավել շատ անհանգստացնում է ներքին շուկայում գնողունակության խնդիրը, սոցիալապես անապահով խավերի խնդիրը, քան արդյունաբերության մեջ եղած խնդիրները, որոնք հնարավոր է կոմպենսացնել այլ գործոններով:

 

Նրա կարծիքով` տնտեսական ցուցանիշները Հայաստանում 2009-2010 թվականներին կախված էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, և հիմա նոր փուլ է սկսվել համաշխարհային տնտեսության մեջ, որը կրկին պահանջում է լուրջ դիվերսիֆիկացիա, շուկաների վերադասավորում, իսկ դա շատ բարդ խնդիր է:

 

«ԱՊՀ տարածքն այսօր հիվանդագին վիճակում է, այդ տարածքում գնողունակությունը և արժութային ցնցումները չեն կարգավորվում, մեր տեմպերն են դրանից կանգնում: Միշտ էլ մարտահրավերներ լինելու են մեր տնտեսության համար: Մեկ օրում հնարավոր չէ մտնել այլ շուկաներ և ունենալ այն հաջողությունները, որոնք ունեցել ենք 22-23 տարիների ընթացքում պատմականորեն ժառանգված շուկայից»,- ասաց Արսեն Ղազարյանը` հավելելով, որ գործարարների որոշ մասն ամեն դեպքում փորձեր անում է իր ապրանքը արտահանել թե' Եվրոպայի շուկաները, թե' Չինաստանի ու Հնդկաստանի ուղղությամբ:

 

Նա խոստովանում է, որ արտադրողները, տնտեսվարողները սպասում են Ռուսաստանի տնտեսության կայունացմանը:

 

Լրագրողների այն հարցին` ինչպե՞ս է պատահում, որ տնտեսական անկման պատճառների մասին խոսելիս Հայաստանի իշխանությունները միայն մեկ բան են մատնանշում` այլ երկրներում ֆինանսատնտեսական ճգնաժամը, Արսեն Ղազարյանը նշեց, որ Վրաստանում ու Ադրբեջանում էլ գործերը լավ չեն, Եվրոպայում անգամ գործերը լավ չեն: Եվ եթե Վրաստանում տնտեսական անկման տեմպերը քիչ են, Արսեն Ղազարյանը դա բացատրումն է այն հանգամանքով, որ Վրաստանն ունի տնտեսական «բարձիկներ», իսկ Հայաստանը չունի ո'չ նման «բարձիկներ», ո'չ էլ նման վարկավորում: «Միջազգային կառուցները մեր կառավարությանն ավելի քիչ բյուջետային կամ ենթակառուցվածքային վարկեր են տալիս»,- ասաց նա` դրա պատճառը համարելով աշխարհաքաղաքական շահերը:


Այն հարցին` գուցե Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցե՞լն է դժվարացրել այդ վարկերի ստացումը, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Ուղին միշտ էլ դժվար է ու մաքառող: Խաչը ուսիդ պետք է փորձես բարձրանալ Գողգոթա: Իսկ ճանապարհը երկար է»:


Yerkir.am-ի այն հարցին, թե առաջիկայում ի՞նչ դրական շարժ կարող է լինել, նա պատասխանեց, որ մայիսին կազմակերպվելու է մեծ ներդրումային ֆորում, որպեսզի փորձեն աշխարհին ապացուցել, որ պետք է ներդրումներ անել Հայաստանում: Հարցին, թե ո՞ր ուղղությամբ պետք է ներդրումներ արվեն, եթե Հայաստանի տնտեսությունը գտնվում է մի քանի օլիգարխների ձեռքում, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Անգլերեն լավ խոսք կա` no comment»: