կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 11:16
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը պիտի զուսպ լինի, կարող է ինֆորմացիա հայտնվի նաև իր վերաբերյալ. Ալեն Սիմոնյան

Տեսել եմ, որ մի քանի պատգամավոր փողոց էին փակում, և ոստիկանները խնդրելով, համոզելով, նաև գրկելով փորձել են փողոց ազատել, իսկ ուժ կիրառելն այն էր, երբ մեզ ջրցան մեքենաներով և մահակներով ծեծում էին, իսկ ԲՀԿ-ականները լռում էին և չէին մասնակցում: Դա էր անհամաչափ ուժը, իսկ երեկ ոստիկանները ուղղակի փողոց են բացել:

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած դեպքերին:

Սիմոնյանը նշեց, որ կին պատգամավորներին գետնին գցելով տանել չի տեսել, տեսել է փողոց բացել, որը պիտի բացվեր:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ քաղաքական որոշում կա զրկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից, Սիմոնյանը պատասխանեց.

«ՀՀ իշխանությունը որևէ մեկին ձերբակալելու քաղաքական որոշում կայացնել չի կարող, ինչպես չի կարող կայացնել որոշում՝ կազմակերպություններից մեկի կողմից 30 մլրդ դրամի գումար պետբյուջեից կազմել, ընտրությունների համար գումար բաժանել: Սրանք տեղեկություններ են, որոնք պտտվում են համացանցում և կան: Նաիրա Զոհրաբյանն ավելի զուսպ պետք է լինի, որվհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող: Մեր գործընկերները պիտի զգույշ լինեն իրենց գնահատականների մեջ, որովհետև ստացվում է այնպես, որ գնահատական է հնչում, մեկ էլ պարզվում է՝ իրականում այլ բան է տեղի ունեցել, և մեր գործընկերները հայտնվում են, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում»:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ համացանցում տարածվում են Ալեն Սիմոնյան-Գագիկ Ծառուկյան ջերմ գրկախառնված լուսանկարներ, տեսանյութ, որտեղ Սիմոնյանը բարձր է գնահատում Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, Սիմոնյանը պատասխանեց.

«Համացանցում մի քանի բարգավաճական ֆեյքեր տարածում են տեսանյութ, որտեղ ասում եմ, որ 2012 թվականի միակ ուժը, որը կարող է Սերժ Սարգսյանի հետ պայքարել, Ծառուկյանն է: Եթե համարում եք, որ դա համակարանք է, ապա իմ ու ձեր խոսակցությունից կարող ենք համարել, որ ես համակրում եմ ձեր լրատվամիջոցին: Ընդամենը փաստել եմ և հիմա կրկնում եմ՝ 2012 թվականին եթե Գագիկ Ծառուկյանը որոշեր, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, իր համակարգով կարող էր անել»:

Ճշտող հարցին, արդյոք Ծառուկյանը հիմա կարող է անել նման բան, Սիմոնյանը պատասխանեց.

«Նախ և առաջ այս պրոցեսը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում, մենք ընտրությունների առջև չենք կանգնած, մենք քաղաքական որոշում չենք կայացրել»:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր ուժերի հավանական կոնսոլիդացիային, ԱԺ փոխխոսնակը նշեց. «Համարում եք, որ ինչ կուսակցություն լինի, ՀՀ իշխանությունն աչալուրջ պիտի դրանով զբաղվի՞: 100-ից ավել կուսակցություն կա: Մենք ավելի վաղ գիտեինք, որ Վանեցյանն ու Ծառուկյանը հանդիպում են, մեզ համար կարևորը մեր և քաղաքացիների համագործակցությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.