Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն գործած, ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սարոյանը դեպքից շաբաթներ առաջ դիմել էր Yerkir.am-ին և հայտնել իր ունեզրկման մասին:
Պարզվում է` մինչ դեպքը, բանկային ճահճից դուրս գալու և կորցրածը վերականգնելու համար Սարոյանին խորհուրդ են տվել դիմել քրեական հեղինակությունների օգնությանը. նրանք պետք է որոշակի գումարի դիմաց լուծեին բանկային հարցերը: Խոսքը վերաբերում է քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանին՝ Կայարանցի Թևոսիկին, և Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:
Սիմոնյանը ոսկու գրավադրումից և փեսայի երկու բնակարանների վաճառքից ստացված գումարը՝ մոտ 30.000 ԱՄՆ դոլար, փոխանցել է քրեական հեղինակություններից մեկին, սակայն ո'չ խնդիրն է լուծվել, ո'չ էլ գումարն է վերադարձվել:
Այս գործում շոշափվում է նաև Թևոս Սաֆարյանի ընկերոջ՝ մոսկվաբնակ, միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանի անունը: Նա, ի դեպ, Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կարևորագույն նշանակություն ունեցող վկա է:
Քրեական հեղինակությունների անունները Սիմոնյանը գրել է նաև ՀՀ նախագահին ուղղված իր դիմում-խնդրանքում, որը երեկ ներկայացրել էինք:
«Փեսաս և քույրս որոշեցին դիմել մեր բարեկամի որդուն՝ Վարդգես Բադալյանին, որի հետ բազմիցս հանդիպել էին տարբեր միջոցառումների ժամանակ, որպեսզի նա օգնի մեզ: Եվ քանի որ նա բնակվում է ՌԴ-ի Մոսկվա քաղաքում, ապա նա հանձնարարեց մեզ «օգնելու» գործը իր ընկերներին՝ Տիգրան և Գագո անունով անձանց, որոնց գրասենյակը գտնվում էր Երվանդ Քոչար փողոցի վրա գտնվող «ԲԵԼԼԱ» հյուրանոցային համալիրի առաջին հարկում: Հուլիսի վերջին կանչեցին բանկ և տեղեկացրեցին, որ եթե վերավարկավորում չանեմ, ապա գույքը կգնա աճուրդի: Վերը նշված անձինք Տիգրանը և Գագոն մեզ ասացին, որ եթե 20 օրվա ընթացքում մենք 30000 ԱՄՆ դոլար կարողանանք հավաքել և տալ իրենց, ապա նրանք կլուծեն այս խնդիրը Արամ Վարդանյանի հոտ: Գումարի առաջին մասը փոխանցեց փեսաս, իսկ մյուս մասը՝ ես (այդ գումարը հավաքելու համար վաճառվեց 2 բնակարան և գրավադրվեց ոսկի):
Պայմանավորվածության համաձայն գույքը պետք է անվանափոխվեր իմ անունով: Վարկային բաժնի պետը առաջին օրը չառարկեց, սակայն մյուս օրը Գագոն ինձ զանգահարեց և ասաց, որ մեկ ուրիշի անձնագիր է պետք և մեկ ժամ ժամանակ տվեց, որպեսզի ես այդ հարցը լուծեմ՝ այլապես բանկը կհրաժարվի այդ գործարքը կատարելուց:
Ես դիմեցի եղբորս՝ Հայկ Հակոբյանի օգնությանը: Աշոտ Եսայանը ուսումնասիրելով փաստաթղթերը պարզեց, որ եղբորս ցածր աշխատավարձը և գույք չունենալը չեն համապատասխանում իրենց պահանջներին: Սակայն արվեցին բազմաթիվ խախտումներ, փոփոխություններ: Աշոտ Եսայանը պահանջեց նաև մի քանի տեղեկանք (բոլոր կեղծված) շինծու գործարքը ամբողջականացնելու համար: Վերջում հավաստիացրեց, որ այդ տեղեկանքները պահվելու են բանկում: Այնուհետև նա փուլ առ փուլ գրեց բոլոր կատարվելիք գործողությունները և անհրաժեշտ գումարները (կից ներկայացված է): Գումարը կազմեց մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար: Սպասարկման վարձին 100000 ՀՀ դրամին վճարման ժամանակ ավելացավ ևս 308.000 ՀՀ դրամ: Վարկը տրամադրվեց օգոստոսի 31-ին: «ՆԱՇ» ՍՊԸ-ից առանձնացնելու համար 130.000 ԱՄՆ դոլար գնահատված գույքը, վերավարկավորվեց 170.000 ԱՄՆ դոլարով: Նաև պահանջ ներկայացվեց կցել գույք, կամ տրամադրվելիք գումարի 30% չափով: Իմ բնակարանը/ 29քմ/,որը գտնվում է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի 25 հասցում գնահատվեց 50.000 ԱՄՆ դոլարի չափով և գրավադրվեց ի ապահովումն Բաղրամյան 2շ. 80 տարածքի:
Ամսական վարձը 2240 ԱՄՆ դոլարի չափով էր: Վարկային բաժնի պետը տեղեկացրեց նաև որ իմ գույքը «ՆԱՇ» ՍՊԸ-ց առանձնացնելու դեպքում ես պետք է վճարեմ մյուս 5 գույքերի մի քանի ամիսների տոկոսների տույժերը: Տիգրանի հետ խոսակցության ժամանակ պարզ դարձավ,որ նա նույնպես տեղյակ է այդ գումարի մասին: Նա ասաց, որ գործարքը կայացել է օգոստոսին: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների տոկոսների մարումը 6 գույքերի համար (մոտավորապես 9000 ԱՄՆ դոլար) Տիգրան Տեր-Պետրոսյանը կատարել է: Սակայն նոյեմբերից մինչև հունիս չի վճարել և գոյացել է պարտք (6 գույքերի տոկոսի տույժերը, ինչպես ինձ ասել էր Աշոտ Եսայանը): Նա հավելեց,որ այդ պարքի վերաբերյալ Արամ Վարդանյանի հետ քննարկում եղել է: Նա ասել է ,որ այն կգանձեն Տիգրան Տեր-Պետրոսյանի մյուս գույքերի իրացման ժամանակ: Սակայն հունիս (1000 ԱՄՆ դոլար) և հուլիս (1000 ԱՄՆ դոլար) ամիսների պարտքը պետք է ես վճարեմ: Ես զանգահարեցի Աշոտ Եսայանին և պնդեցի,որպեսզի նա Արա Վարդանյանից ճշտի, թե ե՞րբ պետք է մարվի այդ գումարը:
Մի քանի ժամ անց նա զանգահարեց և ասաց, որ Արա Վարդանյանը ասել է՝ վարկի ստացման օրը (Ա. Եսայանը ասաց ինձ նաև, որ ամեն օր այդ գումարի վրա 23 ԱՄՆ դոլար է ավելանում որպես տոկոս): Օգոստոսի 31-ին վարկը ձևակերպվեց, իսկ գումարը կազմեց 2805 ԱՄՆ դոլար: Այնուհետև Ա.Եսայանը ասաց, որ վերը նշված գումարից բացի ես դեռ պետք է վճարեմ 2020 ԱՄՆ դոլար (հավելելով ևս մի նոր ստով ,որ դա վարկի որոշումը կայացնելու օգոստոսի 5-7-ը մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադարված վարկից առաջացած տոկոսն է): Իմ գույքը (գնահատված լինելով իրենց ասելով 120-130.000 ԱՄՆ դոլար, որի փաստաթղթերը ես մինչ օրս չեմ տեսել) փաթեթի մեջ լինելով և օրական 0.1% տոկոսի ավելացման դեպքում չէր կարող մեկ ամսում 1000 ԱՄՆ դոլար կազմել: Նույն պատճառով էլ չէր կարող գոյանալ 21.000 ԱՄՆ դոլարի չափով նոյեմբերից մինչև հունիս 7 ամիս պարտքը: Մեր ծանոթներից մեկը խորհուրդ տվեց դիմել իրենց բարեկամին՝ Աշոտ Բոլյան անունով: Ասելով, որ Աշոտը զբաղվում է նման գործերով և բավականաչափ հնարավորություններ և կապեր ունի նման հարցերը կարգավորելու համար: Մենք կապ հաստատեցինք Աշոտի հետ և քանի որ նա բնակվում է ՌԴ-ի Մոսկվա քաղաքում, ապա սեպտեմբերի 2-րդ կեսին մեկնեցինք այնտեղ: Նա ասաց, որ այս հարցը կարելի է շատ շուտ լուծել՝ ի հայտ բերելով բոլոր կատարված խարդախությունները, ինչպես նաև գտնել Տիգրան Տեր-Պետրոսյանին և նրանից ստանալ բոլոր յուրացված գումարները: Նա զանգահարեց Երևան ոմն Արայիկին և խնդրեց, որպեսզի նա հանդիպում կազմակերպի իմ և Արա Վարդանյանի միջև: Մենք վերադառձանք Հայաստան և մի քանի օրից ես հանդիպեցի Արամ Վարդանյանին: Արա Վարդանյանը նախ հերքեց իր ծանոթության փաստը Տիգրան և Գագո անուններով երիտասարդների հետ (դա ակնհայտ սուտ էր,քանի որ նա չէր կարող չճանաչել Թևոս Սաֆարյանի տղաներին): Այնուհետև հայտարարեց ինձ, որ ես պարտք եմ բանկին 23.000 ԱՄՆ դոլար: Հետո լսելով իմ պատմածը, նախ հերքեց ամեն ինչ,ապա զանգահարեց Վարդգես Բադալյանին ճշտելու համար անհետացած 30.000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը: Մի քանի օր անց Աշոտ Բոլյանը զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ ես այլևս պարտք չունեմ: Ես բացատրեցի նրան, որ մեր նախնական պայմանավորվածության համաձայն գումարը պետք է վերադարձվեր և վերահաշվարկ կատարվեր:Սակայն նա ասաց, որ այդպես ստացվեց և մյուս օրը ես գնացի Աշոտ Եսայանի մոտ և պահանջեցի տրամադրել կտրոնը: Սակայն նա պատասխանեց, որ կտրոն չի կարող տրամադրել, քանի որ այդ գումարը 6 գույքերինն է: Եսայանը ասաց նաև որ Վարդանյանը 6 գույքերի համար այդ ամիսների ընթացքում վճարել է 86.000 ԱՄՆ դոլար: Մինչ այժմ ես պատասխան չունեմ այն հարցին, թե ինչու՞ էր պետք Վարդանյանին վճարել այդքան գումար Տիգրան Տեր-Պետրոսյանի գույքերի համար, որից 23.000-ը իր պնդմամբ՝ իմ գույքինն էր:
Ես Աշոտ Եսայանին հարցրեցի. «Եթե հիմա Տիգրան Տեր-Պետրոսյանի կինը ցանկություն հայտնի գալ ու հանել գույքերից մեկը,ապա նույնպես կարող է օգտվել այդ գումարից, որ ես տվել եմ» նա պատասխանեց, որ այո: Ինձ համար ակնհայտ դարձավ ,որ նշված բոլոր թվերն ու տոկոսները չեն համապատասխանում իրականությանը (վստահ եմ նաև,որ համապատասխան մարմինների կողմից ստուգումը կբացահայտի բազմաթիվ այն խախտումները, որոնց միջոցով և՛ Աշոտ Եսայանը և՛ Արա Վարդանյանը ՝ տեղյակ լինելով Տիգրան Տեր-Պետրոսյանի «գործարքներին» փորձում էին թեթևացնել նրա 5 գույքերի ծանրաբեռնվածությունը: Սակայն ինչո՞վ էր պայմանավորված նման «հոգատար» վերաբերմունքը Տիգրան Տեր- Պետրոսյանի նկատմամբ ՝ ես թողնում եմ, որպեսզի պարզեն այս գործը քննող մարմինները): Աշոտ Բոլյանի հետ իմ նախնական պայմանավորվածության համաձայն ՝ բոլոր հարցերի կարգավորման դեպքում նա դառնալու էր համասեփականատեր Բաղրամյան 2շ 80 տարածքի /1/3 մասով/:
Սակայն հոկտեմբերի մեր հանդիպումից հետո մինչև հուլիսի 4-ը ես չեմ տեսել նրան: Նա միայն զանգհարում և վստահեցնում էր,որ ամեն ինչ լավ է: Հոկտեմբեր ամսից մինչև մարտ ես վճարել եմ ամսական վարրձը /մոտավորապես 12.000 ԱՄՆ դոլար/: Այնուհետև իմ վարձակալները չկարողանալով վճարել դուրս եկան և առաջացան ժամկետնանց պարտավորություններ բանկում: Բոլոր նոր վարձակալների վերաբերյալ ես տեղյակ էի պահում նրան, խնդրում զանգահարել և պայմանավորվել,բայց նա պնդում էր,որ գալիս է և արդեն պայմանավորվածություններ ունի:
Չորս ամսվա ընթացքում առաջացավ պարտք բանկում: Հուլիսի 4-ին Աշոտ Բոլյանը զանգահարեց և ասաց ,որ չի պատրաստվում գալ,տարածքը իրեն պետք չէ և գումար էլ չունի հարցերը կարգավորելու համար:Ինչպես հետագայում պարզվեց նրա բոլոր պնդումները բանկի ղեկավարության հետ պայմանավորվածությումմեր ունենալու մասին՝ սուտ էին»,- գրել էր Վարդուհին:
Նշենք, որ Սիմոնյանի ինքնասպանության դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նամակում ներկայացված են նաև Սիմոնյանի ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեցող` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Սարոյանի քրոջ ամուսնու՝ Տիգրան Տեր-Մարգարյանի անունները, ունեզրկման հարցում նրանց դերակատարության մանրամասները, փողերի լվացման մեխանիզմները և այլն:
Հիշյալ գործի վերաբերյալ Սիմոնյանի փեսայի՝ պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանի հետ Yerkir.am-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: