կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 20:27
Քաղաքական

ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար

ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար

Մրցակցային միջավայրի ձևավորման, մրցույթների թափանցիկության ապահովման նպատակով անցկացվող հավաքների շրջանակում մարտի 2-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը, այս անգամ՝ իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ։

Հանդիպումը նվիրված էր ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հիմնական պահանջների ու պայմանների, խնդրահարույց հարցերի և իրավական ընթացակարգերի քննարկմանը։ «Այս հանդիպումների գլխավոր նպատակն այն է, որ թե՛ հանրությունը և թե՛ հայտարարվող մրցույթներին մասնակցող ընկերությունները համոզված լինեն. Զինված ուժերում չկա որևէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով: Մենք բացառում ենք նման երևույթները:

Դաշտն ազատ է մրցունակ գին և որակյալ ապրանք կամ ծառայություն առաջարկող ընկերությունների համար»,- վստահեցրել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը: Դիմելով հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար: «Բոլոր գործարարներին հորդորում ենք՝ եթե կլինեն բուն մրցութային գործընթացին առնչվող անհասկանալի հարցեր, ինչպես նաև ապրանքների ընդունման-հանձնման, ապրանքների տեխնիկական բնութագրերի կամ վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ, պարտադիր զանգահարել թեժ գիծ կամ գրություն ուղարկել ՊՆ»,- ընդգծել է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են նաև առաջիկայում կայանալիք մրցույթներում ընդգրկված ապրանքների ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ճիշտ լրացման կարգը: Կարեն Կարապետյանը փաստել է, որ նմանօրինակ հանդիպումները դրական արդյունք են տալիս: Այդ մասին է վկայում մրցույթներին մասնակցել ցանկացողներ ընկերությունների քանակը, որը հաստատուն տեմպերով աճում է. «Մարդիկ աստիճանաբար համոզվում են, որ սրանք լոկ խոսքեր չեն, կատարվում են ամենօրյա հետևողական աշխատանք և խիստ վերահսկողություն, որպեսզի իրականում ունենանք մրցունակ գին ու որակյալ ապրանք»:

Հավաք-հանդիպումը եզրափակվել է իրային ապահովման ոլորտի հնարավոր մատակարարների բարձրաձայնած հարցերի քննարկմամբ։

ՀՀ Պաշտպանության նախարարություն